«Խնդրում եմ՝ դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխություններին, ինքնապաշտպանության կարիք չկա». Արարատ Միրզոյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը։

«Հայ ժողովուրդը, չհանդուրժելով այլևս անարդարությունը կյանքի բոլոր ոլորտներում, հրաժարվելով այլևս տանել ստրկությունը, ցանկանալով ապրել ազատ և երջանիկ Հայաստանում, ոտքի ելավ հանուն արժանապատվության և ազատության հիմա, երբ համազգային զարթոնքը աներևակայելի հնարավորություն է բացում մեր երկրի համար»,- ասաց Ա.Միրզոյանը։

Ըստ նրա՝ Ն.Փաշինյանի ժամանակավոր կառավարության գլխավոր խնդիրը համազգային քաղաքական համերաշխությունն է լինելու, որպեսզի ուղի հարթվի դեպի իրական զարգացում։ Ա.Միրզոյանի խոսքով՝ այս կառավարությունը պետք է ապահովի երկրի բնականոն գործունեությունը, պետք է դնի սոցիալ-տնտեսական հիմքը, հղի ուղենիշներ, որոնք պետք է նախանշեն հետագա զարգացման քաղաքականությունը, պետք է բարեփոխի ընտրական համակարգը՝ փոփոխելով ԸՕ և հարակից օրենքները, և պետք է կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն իսկապես ազատ ու ժողովրդավարական ու կասկած չեն առաջացնի որևէ մեկի մոտ։

«Ես խնդրում եմ ձեզ՝ դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս փոփոխություններին, ինքնապաշտպանության կարիք չկա։ Պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում, մի՛ առաջնորվեք նեղ անձնական, խմբային շահերով, դադարեցրեք քաղաքական հին մեթոդներով զանազան սցենարների խաղարկումը, և, իբրև մեր պետության, պետականության, ժողովրդի մասին մտածող իրական պետական այրեր՝ օգնեք միահամուռ ուժերով միասին լավագույն հնարավորը քաղել մեր երկրի համար ստեղծված հիրավի պատմական այս հնարավորությունից։ Ես կոչ եմ անում կողմ քվեարկել Հայաստանի քաղաքացիների լիակատար աջակցությունը վայելող թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին»,- հայտարարեց Ա.Միրզոյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս