«Եթե հիմա մենք կորուստներ ունենանք, ապա այդ ամբողջի մեղքը Նիկոլի վրա է, դա հեչ, նա չի մարսելու, բայց նաև Սերժ Սարգսյանի վրա է մնալու». Գառնիկ Իսագուլյան
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ «Իմ քայլը» շարժման հետևում:
168.am-ի հետ զրույցում Գ. Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ շարժման թիկունքում կանգնած են այլ ուժեր, բայց չհստակեցրեց, թե ովքեր:
Գ. Իսագուլյանը սխալ է համարում Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալու որոշումը: Հետաքրքրվեցին՝ ուրիշ ի՞նչ ելքեր կային այդ իրավիճակում, բացի հրաժարական տալուց, ի՞նչ կարող էր անել Ս. Սարգսյանը:
Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց. «Շատ սովորական, նա պետք է պահպաներ Սահմանադրությունը: Եթե ինքն իսկապես գնալու էր, պետք է գնար այդ բանակցություններին, շատ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեր, ինքը ստորագրեր այդ փաստաթղթի տակ Փաշինյանի հետ միասին ու սահմանադրական նորմը պահելով՝ իշխանությունը հանձներ, եթե հանձնելու էին»:
Մեր դիտարկմանը, թե Ն. Փաշինյանը ռադիկալ պահանջ էր դրել՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Դա պարոն Փաշինյանի պրոբլեմն է, որովհետև պարոն Փաշինյանը չի հասկանում՝ ինչ ասել է՝ իշխանություն, իշխանության լեգիտիմություն, և դրա համար էլ հիմա ասում է՝ այն, ինչ ասել եմ՝ որպես ընդդիմադիր, դա որևէ նշանակություն չունի, որպես իշխանություն՝ ես անելու եմ ճիշտ հակառակը:
Այսինքն՝ մինչև հիմա որպես ընդդիմություն խաբե՞լ է ժողովրդին: ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր դնում, ինչո՞ւ է հիմա փոխել դիրքորոշումը, ռուսական բազաները հանելու հարց էր դնում, ինչո՞ւ է հիմա փոխել դիրքորոշումը: Սամվել Բաբայանին, մյուսների անհապաղ ազատելու հարց էր դնում, հիմա ինչո՞ւ է փոխել դիրքորոշումը»:
Գ. Իսագուլյանի խոսքով՝ ամենամեծ կորուստը Հայաստանի համար կարող է լինել Արցախի կորուստը. «Եթե մենք գնանք այս ճանապարհով՝ կորցնելու ենք Արցախը, և այն ուժերը, որոնք Նիկոլին այդպես առաջ են տանում, չի բացառվում, որ նպատակը հենց դա է»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի պարզաբանումը ձեզ համար հիմնավոր չէ՞ր, թե ինչու է ինքը հրաժարական տալիս, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Ամենևին»:
Մեր ճշտող հարցին՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարական տալ, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցերն ինձ մի ուղղեք, պետք է ուղղեք նրան և պատասխաններ ակնկալեք: Հավատացեք՝ եթե ես այսօր օրենքով ինձ տրված լծակը չեմ օգտագործում, որպեսզի խուսափեմ այն մինիմում կորուստներից, և վաղը դրա պատճառով ունենում եմ մաքսիմալ կորուստներ, դա ինձ ներելի չէ: Եթե հիմա մենք մի ուրիշ տեղ կորուստներ ունենանք, ապա հավատացեք՝ այդ ամբողջի մեղքը Նիկոլի վրա է, դա հեչ, նա չի մարսելու, բայց նաև Սերժ Սարգսյանի վրա է մնալու, որ ո՞նց կարելի է իշխանությունն այդպես հանգիստ, առանց որևէ պատճառի, ճնշումների, վախի ներքո զիջել»:
Գ. Իսագուլյանից հետաքրքրվեցինք՝ եթե այս ցույցերը, բողոքի ակցիաները շարունակվեին, երկրի ներքին կայունությանը վտանգ չէ՞ր սպառնա: Ի պատասխան՝ Գ. Իսագուլյանն ասաց, որ երկրի կայունությունն ապահովում են բացառապես իրավապահ մարմինները.
«Երկրի կայունությունը Նիկոլը չի ապահովում: Իշխանությունն իրավունք ունի ուժ կիրառել, երբ այդ կայունությունը խաթարվում է: Իշխանությունը նրա համար չէ, որ ով փողոցում թեկուզ 100 հազար մարդ հավաքի, իշխանությունը զիջեն»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ականատես կլինեինք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կրկնությանը՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց.
«Ո՛չ: Մարտի 1-ն էլ էր նրա պատճառով, որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ էին ղեկավարում գործընթացները, պետությունն էլի այն վճռականությունը չուներ, որովհետև անցումային շրջան էր, և հայտնի չէր, թե ով էր իրական ղեկավարը: Ցավոք սրտի, սա էլ տեղի ունեցավ անցումային շրջանում, մարդիկ շատ լավ հաշվել էին, հիմա կիրառեցին ուրիշ տեխնոլոգիաներ: Պետությունը մնում է պետություն, իրավապահ մարմինները մնում են իրավապահ մարմինները: Իսկ թե ի՞նչ կասեր ղեկավարը, դա կարևոր չէ: Ոստիկանության պարտականությունն է՝ իմ իրավունքը պաշտպանել այնտեղ, որտեղ դա ինչ-որ մեկը խախտում է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: