Արմեն Սարգսյանը վստահ է՝ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի հասարակության մեծ մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ բնականոն կյանքի: «Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը, որը շրջապատված է խնդիրներով, Արցախի հարցով, անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով, իրեն չի կարող թույլ տալ անկայուն իրավիճակ: Մենք չենք կարող թույլ տալ, որ ոստիկանությունը չաշխատի, անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը, որպես կառույց փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ի վերջո ուսանողը պետք է գիտակցի, որ որոշ օրերից հետո պետք է վերադառնա իր ուսմանը, գիտնականն իր աշխատանքին, բժիշկն իր: «Կոչ եմ անում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ պետական ծառայության անձ՝ կատարի իր պարտականությունները: Չենք կարող երկիրը կանգնեցնել մի քանի րոպե, մի քանի շաբաթ, մի քանի օր, որպեսզի լուծում գտնենք: Երկիրն իր նորմալ ընթացքը պետք է շարունակի: Ուզում եմ, որ յուրաքանչյուր պետական ծառայող հստակ գիտակցի, որ նախ և առաջ իր պարտականությունն է պետական ծառայությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալու իր սեփական կարծիքը, բայց պետական կարգ ու կանոնը պետք է պահպանվի, հակառակ դեպքում պետական կառույցները կսկսեն փլուզվել: «Իմ կոչը շատ պարզ է, սիրելի հայրենակիցներ, ձեզնից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն, բայց եկեք անենք այնպես, որ մեր ամբողջ պետական ապարատը՝ բանակից մինչև համալսարան և դպրոց, ի վերջո մեկ օր, հուսամ վաղը կամ մյուս օրը, վերադառնա իր նորմալ աշխատանքին: Վստահ եմ, որ ունենալու ենք արդյունք, որը կբավարարի մեր հասարակության գոնե մեծ մասին, որովհետև դա է իրականում ժողովրդավարության իմաստը»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս