«ԵՄ-ն Սիրիայի վերականգնմանը չի օգնելու մինչև քաղաքական գործընթացի սկսվելը». Մոգերինի
Եվրամիությունը Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու Սիրիայի համար դոնորների միջազգային խորհրդաժողովին, որը կազմակերպել են ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը։
«ԵՄ-ն Սիրիայի վերականգնմանը չի օժանդակելու մինչեւ երկրում քաղաքական գործընթացի սկսվելը: Բայց մենք հաճույքով պաշտպանելու ենք միասնական, խաղաղ Սիրիան, որն ընթանում է քաղաքական կարգավորման ճանապարհով»,-հայտարարել է նա: Մոգերինին հավելել է, որ Եվրամիությունն արդեն եվելի քան 11 մլրդ եվրոյի օգնություն է հատկացրել Սիրիայի բնակչությանը, ինչպես նաեւ փախստականներին:
«Այսօր հումանիտար աջակցությունը անհրաժեշտություն Է, այլ ոչ թե հնարավորություններից մեկը»,-ասել է նա: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ամերիկյան օգնությունը Սիրիայի այն շրջաններին, որոնք վերահսկվում են նախագահ Բաշար Ասադի իշխանությունների կողմից: Միեւնույն ժամանակ փաստաթղթի տեքստում նշված է, որ վերականգնման գործում օգնություն կցուցաբերվի «դեմոկրատական Սիրիային կամ էլ այն շրջաններին, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից»: