Վանաձորում փաստաբանին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված քաղաքացու հետ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Լ. Ս.-ն և հայտնել, որ այսօր՝ ժամը 15:00-16:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում ամուսնու՝ Հ. Ս.-ի հետ մեքենայով երթևեկելիս իրենց է մոտեցել Ոստիկանության 10 աշխատակից և բռնություն գործադրել իրենց նկատմամբ:
Լ. Ս.-ն հայտնել է, որ երբ ամուսինը հետիոտնին ճանապարհը զիջելու համար մեքենան կանգնեցրել է հետիոտնային անցումի վրա, ոստիկանները մոտեցել են մեքենային և ամուսնու՝ մեքենայից դուրս գալուց հետո հարձակվել ու բռնություն են գործադրել նրա նկատմամբ, ապա ուժով մտցրել են ճանապարհային ոստիկանության մեքենա:
Լ. Ս.-ի փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են բռնություն գործադրել նաև իր նկատմամբ և խլել մեքենայի բանալիները, սակայն վերջինս կարողացել է խուսափել դրանից և հեռացել:
Այս պահին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը գտնվում է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում, սակայն նրան թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկված անձի հետ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ