«Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ». ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել:

Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը:

Ստեղծված պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը:

Կոչ ենք անում իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել  երկխոսություն՝ ստեղծված իրավիճակը  հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար»,- ասված է հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս