«Կա՞ իշխանություն, որը երբևէ կհամաձայնի ինքնասպանության». Մոդեստ Կոլերով

«Փաշինյանի հետ կոմպրոմիս պետք է դիտարկվի միայն ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ուրիշ ոչինչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն:

Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլերի պետք է դիմի ՀՀ իշխանությունը, երբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի երկխոսելու կոչը «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մերժում է, Կոլերովը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչպես այս առաջարկից հետո իրենց կդրսևորեն իշխանությունները, քանի որ դա իր գործը չէ և չի ցանկանում ներհայաստանյան իրադարձություններին միջամտել նույնիսկ կարծիքներով: Սակայն նա նաև նշեց, որ հետևելով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ մի քանի հարցեր են ծագում իր մոտ:

«Ակնհայտ է, որ երբ իշխանությունը որոշեց փոխել ՀՀ սահմանադրությունը, անցում կատարելով կառավարման խորհրդարանական համակարգի, ընտրություններ տեղի ունեցան այդ փոփոխություններից հետո, Փաշինյանը լուռ էր: Այսինքն` այդ ամենը Փաշինյանն ընդունեց, Փաշինյանը դուրս չէր գալիս փողոց, բայց վարչապետի ընտրություններից առաջ նա դուրս եկավ փողոց, մի փոքր անհասկանալի է:

Փաստորեն նա կողմ է Սահմանադրությանը, բայց հիմա է դուրս եկել պայքարի:

Կարդացեք նաև

Հաշվի առնելով հանգամանքը, որ Փաշինյանը կողմ է Սահմանադրությանը, Փաշինյանի հետ կոմպրոմիս պետք է դիտարկվի միայն ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ուրիշ ոչինչ»,- ասաց Կոլերովը:

Ռուս վերլուծաբանն ասաց, որ փաստորեն Փաշինյանն իշխանություններից պահանջում է ինքնասպանություն: «Կասեք՝ Դուք հավատո՞ւմ եք, որ որևէ իշխանություն ինքնասպանություն կգործի, կա՞ իշխանություն, որը կինքնասպանվի: Չկա: Ես դրան չեմ հավատում»,- ասաց Կոլերովը:

Խոսելով անդառնալի հետևանքներից, որը չեն բացառում թե՛ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, թե՛ «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Կոլերովն ասաց, որ նման գործողությունների հիմքեր չի տեսնում:

«Ցուցարարներն ու այս շարժումն իշխանության համար այն վտանգը չեն ներկայացնում, որ իշխանությունն ուժ կիրառի: Որքան այս ամենը երկար շարունակվի, այնքան կհեղինակազրկվի և կվերանա: Իշխանությունը չպետք է գերագնահատի այս ամենը, նախկինում եղել են նման գերագնահատման դեպքեր»,- ասաց Կոլերովը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս