Օմբուդսմենի գրասենյակն արձանագրել է ատելության խոսքի ու բռնության կոչերի զգալի աճ վերջին օրերին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է ապրիլի 20-ին մինչև 20:00-ի դրությամբ կատարված աշխատանքների արդյունքներն ու առկա մտահոգությունները:
Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 20-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 10 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:
«Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին առնչվող 52 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի, Նոր Նորքի, Աբովյանի ու Հրազդանի բաժիններ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 200 անձի հետ, որոնցից 20-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:
Ոստիկանության առանձին բաժիններ նույն օրվա ընթացքում կատարվել է երկու կամ երեք այց: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև աշխատակազմը մշտական կապի մեջ են փաստաբանների ու իրավապաշտպանների, ինչպես նաև իրավասու պետական մարմինների հետ:
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, առանց պետհամարանիշների ավտոմեքենայով անձանց բերման ենթարեկու հետ: Արձանագրվել են նաև բերման ենթարկվածներին սահմանված ժամից ավելի պահելու դեպքեր, որոնք անհապաղ կանխելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ հենց տեղում:
Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը: Հրապարակված տեսանյութերի ու Պաշտպանին հասցեագրված ահազանգերի համաձայն՝ անչափահասների նկատմամբ բռնություն գործադրելու մի շարք դեպքերով բռնություն գործարողները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս դեպքերից յուրաքանչյուրը պետք է անհապաղ ստուգման արժանանա՝ դրա համար նախատեսված միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ: Հրապարակված բոլոր տեսանյութերն ու բողոքները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ամփոփվել են՝ քննության ուղարկելու նպատակով:
Դատապարտելի է լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելու փորձը: Այս հարցերով նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ և համապատասխան գրություն կհասցեագրվի քննչական մարմնին:
Քաղաքացիների կողմից Պաշտպանին են հասցեագրվել ահազանգեր այն մասին, որ ունենում են դժվարություններ ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտից օգտվելու հարցում: Ահազանգեր են հասցեագրվել նաև այդ տրանսպորտային միջոցներով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից անձանց ազատ տեղաշարժման իրավունքի խոչընդոտման վերաբերյալ: Այս հարցի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ և գրություն է հասցեագրվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում զգալիորեն աճել են ատելության խոսքն ու բռնության կոչերը:
Սոցիալական ցանցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, հատկապես՝ ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակումների շուրջօրյա դիտարկումը վկայում է, որ աճել է հավաքի մասնակիցների կողմից հանրային մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ծաղրանքը:
Ատելության խոսքի ու բռնության կոչերի աճը նաև Ոստիկանության՝ բերման ենթարկելու հետ կապված գործողությունների հետևանք է, որոնց, իրենց հերթին, Պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ, նպաստում է նաև երկրում ստեղծված լարված մթնոլորտը: Այս իրավիճակն իր հերթին անթույլատրելի է, քանի որ կարող է նպաստել հավաքների ընթացքում բռնության նոր դեպքերի և մյուս կողմից Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:
Հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով»,- ասված է Պաշտպանի տարածած հայտարարությունում: