ՀՀ փաստաբանների պալատի նախագահը հավաքի կազմակերպիչներին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որով երկրում տեղի ունեցող գործողությունների կազմակերպիչներին հորդորել է չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, որոնք, ցավոք, այսօր սկսեցին զուգորդվել ընդգծված բռնությամբ։ Վտանգավոր այս տենդենցը հուշում է, որ քաղաքական նպատակներով ձևավորված խաղաղ հավաքները կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։
Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը, ինչպես նաև անընդունելի են ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։
Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը։
Նման սցենարներ պատմության մեջ հատկապես վերջին տարիներին շատ են կրկնվում։ Չէինք ցանկանա ավելորդ խուճապի առիթ ստեղծել, ինչպես նաև քաղաքականացնել մեր մոտեցումը,սակայն լինելով հայրենասեր և սրտացավ համայնք, չենք կարող չհիշել թավշյա հեղափոխությամբ սկսված և եղբայրական արյունահեղությամբ զուգորդված, արդյունքում տարածքային կորուստներ կրած և պատերազմական դրությունից ուշքի չեկող երկրների դաժան փորձը։
Հորդորում ենք այս գործողությունների կազմակերպիչներին չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին։ Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով։
Հիշեցնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին»։