Պուտինը Մակրոնի հետ զրույցում կարևորել է Սիրիայում «չմտածված ու վտանգավոր գործողություններից» խուսափելը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ պնդումների մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը: Այդ մասին հայտնել էԿրեմլի մամուլի ծառայությունը: Կայացած հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել են Ելիսեյան պալատը եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Շարունակվել է մտքերի փոխանակումը Սիրիայի ներկա իրադրության շուրջ, որը սրվել է Դումա քաղաքում իբր տեղ գտած քիմիական զենքի կիրառման պնդումների արդյունքում: Վլադիմիր Պուտինն ընդգծեց մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը, մինչ այդ նպատակահարմար է խուսափել որեւէ մեկի հասցեին մերկապարանոց մեղադրանքներից»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ «անհրաժեշտ է ձեռնպահ մնալ չմտածված ու վտանգավոր գործողություններից, որոնք ՄԱԿ-ի Կանոնադրության կոպտագույն խախտում կլինեին եւ կունենային անկանխատեսելի հետեւանքներ»: