«Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ 33 համայնքից ստացված 46 ծրագրային հայտի ընդհանուր գումարը 2 մլրդ 32 մլն դրամ է, որից համայնքների կողմից ֆինանսավորումը կազմում է 963,1 մլն դրամ, մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ 177 մլն դրամ, իսկ պետբյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 892 մլն դրամ: Ներկայացված 46 ծրագրից 23-ը ստացվել է խոշորացված 14 համայնքից:
Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ՝ այս և նախորդ նիստում ներկայացված և հաստատված 85 ծրագրային հայտի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 387 մլն դրամ, որից՝ համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 738 մլն դրամ է, պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ծավալը՝ 1 մլրդ 459 մլն դրամ, մասնավորի կողմից ֆինանսավորումը՝ 188,5 մլն դրամ: Նշված 85 ծրագրից 32-ը ներկայացվել է 18 խոշորացված համայնքի կողմից:
Համայնքային նշանակության ծրագրերը հիմնականում վերաբերում են ճանապարհների վերանորոգմանն ու բարեկարգմանը, ոռոգման և խմելու ջրագծերի, կոյուղագծերի վերանորոգմանն ու կառուցմանը, համայնքների լուսավորությանը, մանկապարտեզների և մշակույթի տների կառուցմանն ու վերանորոգմանը, գույքի, օրինակ՝ աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն:
Նշվել է, որ բոլոր նախագծերը փոխանցվել են շահագրգիռ գերատեսչություննրին՝ նրանց կարծիքներն ու առաջարկներն ստանալու համար: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկումների արդյունքում 46 հայտերից չի հաստատել միայն մեկը՝ համայնքի կողմից ոչ բավարար համաֆինանսավորման պատճառով:
Անդրադառնալով ծրագրերի պատշաճ որակով ու արդյունավետությամբ իրականացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այս տարվա վիճակագրությունն ու պատկերը թույլ կտա, որ խաղի կանոնները մյուս տարիների համար ավելի հստակ ձևակերպվեն: Հրատապ և այլ ծրագրերով համայնքներին տրվող պետական միջոցները հատկացվելու են խիստ նպատակային: Եթե 3-4 տարի սուբվենցիաների այս ծրագիրը շարունակենք և իրականացնեք այնպես, ինչպես որ նախատեսում ենք, համայնքների վիճակը զգալի կերպով կփոխվի»:
Կարևորվել է նաև ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը՝ կապված շինարարության որակի և այլնի հետ: Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է աշխատել նաև մարզպետարանների թիմերի հետ: