Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը` Յուլիա Սկրիպալը, ում մարտի սկզբին հոր հետ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայտնաբերել էին անգիտակից վիճակում, հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, Յուլիա Սկրիպալը հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ գիտակցության է եկել և ամեն օր իրեն ավելի լավ է զգում:
«Ես շնորհակալ եմ իմ նկատմամբ հետաքրքրության և շուտափույթ ապաքինման բազմաթիվ բարեմաղթանքների համար, որ ստանում եմ»,- ասված է Յուլիա Սկրիպալի հայտարարության մեջ,որը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատակիցներին և Սոլսբերիի բնակիչներին, ովքեր նրա խոսքով եկել են օգնության այն պահին, երբ ինքն ու հայրը անգիտակից վիճակում են եղել:
Նա Սոլսբերիի միջադեպը մոլորեցնող է որակել և խնդրել է հարգել իր ընտանիքի մասնավոր կյանքն իր ապաքինման ժամանակահատվածում:
Հոր առողջական վիճակի մասին Յուլիա Սկրիպալը չի խոսել:
2018թ. մարտի սկզբին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը անգիտակից վիճակում հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում:Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Օրերս Մեծ Բրիտանիան մերժել է միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Լոնդոնը Ռուսաստանին հասանելիություն չի տրամադրում Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան: