«Այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում, նույնպես տրորված է մի քանի անգամ և տրորվել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից». Նիկոլ Փաշինյան
«Ամենակարևոր գործոնը, որ կարող է սպառնալ մեր շատ հարգելի շատ գործընկերներին, կոնֆորմիզմն է՝ հարմարվողականությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր թիմի հետ 14-օրյա քայլարշավ է սկսել Գյումրիից դեպի Երևան: Քայլարշավը նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը թույլ չտալու համար:
Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի համատեղ քաղաքական գործունեության հուշագրի մեջ գրված է, որ ՀՀ-ում խնդիրների լուծումն ունի հրատապություն. «Ինչը նշանակում է, որ մենք պետք է օգտագործենք ամեն առիթ: «Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար:
2017 թվականի հունիսին ես «Ելք» դաշինքի անունից լիազորված ասել եմ, որ, եթե ՀՀԿ-ականները փորձեն Սերժ Սարգսյանին կարգեն ՀՀ ղեկավար, ուրեմն՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը:
Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Նրանք 2017 թվականի հունիսին կողմ են արտահայտվել, որ մեր դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Ես հիմա գործում եմ «Ելք» դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ: Համոզված եմ, որ իմ գործողությունները հիմնված են «Ելք» դաշինքի ընտրողների ճնշող մեծամասնության կամարտահայտության վրա»:
Ն. Փաշինյանը նաև անդրադարձավ իրենց դաշինքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հոդվածին. «Էդմոն Մարուքյանի հոդվածում խոսվում էր տրորված ճանապարհների մասին: Ես կարծում եմ, որ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում, այն նույնպես տրորված է մի քանի անգամ և տրորվել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»: