Իսրայելը ՄԱԿ-ի հետ պայմանավորվել է հազարավոր աֆրիկացի միգրանտների Արևմուտքի երկրներում վերաբնակեցնելու շուրջ
Իսրայելը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության հետ պայմանավորվել է արեւմտյան երկրներում աֆրիկացի ավելի քան 16 հազար միգրանտների վերաբնակեցման շուրջ եւ համաձայնել է օրինականացնել մնացածների կեցությունն իր տարածքում:
Այդ մասին հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Ձեռք բերված պայմանավորվածությունները նշանակում են հրաժարում Իսրայելում անժամկետ բանտարկության սպառնալիքով տասնյակ հազարավոր աֆրիկացիների Ուգանդա կամ Ռուանդա արտաքսելու պլանից, որը բողոքներ էր հարուցում հասարակության մեջ:
«Իսրայել պետությունը եւ ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչությունը (ՓԳՀՎ) աննախադեպ փոխըմբռնման են հասել միգրանտների հարցի շուրջ: ՓԳՀՎ-ն աշխատելու է, որ ապահովի այդ կոնտինգենտի մեկնումն արեւմտյան երկրներ, իսկ Իսրայելը կարգավորում է մնացածների մի մասի կարգավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածությունը ենթադրում է, որ Իսրայելը կլքեն Սուդանից ու էրիթրեայից առնվազն 16 հազար 250 սերվածներ, որոնց հայրենադարձությունն իրավաբանորեն անհնարին է: Տեղական հեռուստատեսությունը նշում է, որ մոտավորապես նույնքան աֆրիկացիներ ժամանակավոր կեցության իրավունք կստանան Իսրայելում:
Պլանի շրջանակներում, որը նախատեսված է հինգ տարվա համար, Իսրայելի իշխանությունները խոստանում են միգրանտներին «հավասարակշռված» տեղաբաշխել երկրի տարածքում եւ զբաղվել նրանց ադապտացմամբ, այդ թվում՝ աշխատանքի տեղավորմամբ:
Եգիպտոսի հետ սահմանը փակելով պարսպով՝ Իսրայելի իշխանությունները վերջին տարիներին վերջ էին դրել Աֆրիկայից ներգաղթին եւ հունվարին հրապարակել էին անվանումը չնշված «երրորդ երկիր» տասնյակ հազարավոր անօրինական միգրանտների արտաքսման պլաններ, որոնք հասցրել էին թափանցել հրեական պետություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: