Ապրիլյան պատերազմի հերոսի հիշատակին խաչքար և ցայտաղբյուր է կառուցվել
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված մայոր Սուրեն Մելքումյանի հիշատակին այսօր Հադրութի շրջանի Տումի համայնքում տեղի է ունեցել խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խաչքարը և ցայտաղբյուրը կառուցվել է ռուսատանաբնակ բարերար Դավիթ Մարտիրոսյանի և իր ընկերների ֆինանսավորմամբ:
Բացման պատիվը տրվել է Սուրեն Մելքումյանի փոքր որդի Հրայրին և Դավիթ Մարտիրոսյանի բարեկամ Մարատ Հասրաթյանին:
Միջոցառմանն օրհնության կարգ է մատուցել Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավանցը:
Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել նորակառույց խաչքարի պատվանդանին: Այնուհետև Տումիի ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով:
Մեզ հետ զրույցում Տումիի համայնքի ղեկավար Էդիկ Մոսիյանն ասել է, որ նման հիշատակի խաչքարերն ու ցայտաղբյուրները հայրենասիրության ու հավատարմության քարեղեն ապացույց են ապրիլյան քառօրյա հերոսամարտի:
Նրա բնութագրմամբ՝ Սուրենը հավատարիմ ընկեր էր, ընտանիքին նվիրված այր, պարկեշտ ու նվիրյալ համագյուղացի, անձնազոհ զինվոր էր, հպարտ ու արժանապատիվ հայ:
Միջոցառման վերջում Սուրեն Մելքումյանի հայրը՝ Գրիշա Մելքումյանը շնորհակալություն է հայտնել որդու հիշատակը հավերժացնողներին:
Խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողությանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, համագյուղացիներ, Սուրեն Մելքումյանի զինակից ընկերներ և այլք: