Բաժիններ՝

Առնվազն 18 մարդ է զոհվել Նիգերիայում «Բոկո հարամի» զինյալների հարձակման հետևանքով

Առնվազն 18 մարդ է զոհվել, 84-ը՝ վերքեր ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում Մայդուգուրի (Բոռնոյի նահանգի վարչական կենտրոն) քաղաքի վրա«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով:

Այդ մասին հայտնել է Maghreb Arabe Press գործակալությունը՝ վկայակոչելով Նիգերիայի փրկարարական ծառայությունը: «Ներկա դրությամբ մենք սպանվածների 18 մարմին ենք հաշվել Բալե Շուվա եւ Բալե Քուրա թաղամասերում»,-պատմել են փրկարարները, հավելելով, որ նրանք զոհվել են արմատականների եւ կառավարական բանակի զինծառայողների միջեւ փոխհրաձգության հետեւանքով: «Բոկո հարամի» ակտիվիստներն ավելի վաղ քանիցս փորձել են ներխուժել Մայդուգուրի, որտեղ ապրում է շուրջ 3 մլն մարդ, եւ վերահսկողություն հաստատել այդ խոշոր քաղաքի նկատմամբ:

Սակայն բանակին եւ անվտանգության ուժերին մինչ այժմ հաջողվում էր հակահարված տալ: «Բոկո հարամն» իսլամիստական խմբավորում է, որը գործում է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները նաեւ հարձակումներ են կատարում հարեւան երկրների՝ Նիգերի, Կամերունի եւ Չադի տարածքների վրա:

«Բոկո հարամը» ձգտում է հասնել Նիգերիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման եւ շարիաթի նորմերի (իսլամական իրավունք) սահմանման: Այն հանդես է գալիս արեւմտյան կրթության, ժողովրդավարության եւ իշխանությունների բաժանման սկզբունքի դեմ, ինչպես նաեւ արեւմտյան հագուստ կրելու եւ «օտար» մշակույթի մյուս բոլոր տարրերի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս