Դավիթ Լոքյանը՝ իր պաշտոնանկության և Սերժ Սարգսյանի մասին
«Մամուլում ամեն ինչ գրվում է. ամեն օր մենք մի պաշտոն ստանում ենք, մի պաշտոնից ազատվում ենք։ Առ այսօր որևէ այդպիսի հարց ինձ հետ կապված չկա։ Մեր կուսակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ կուսակցությունը չի քննարկում նման խնդիր։ Նախարարները, որոնք աշխատում են կոալիցիոն կառավարությունում, շարունակելու են աշխատել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ պատասխանելով հարցին, թե ճ՞իշտ են արդյոք տեղեկությունները, որ իր փոխարեն՝ նախարար կնշանակվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լոքյանը նկատեց՝ եթե լինի նոր կառավարություն, կառավարության ընտրված ղեկավարը որոշի, որ խնդիրներ ունի այս կամ այն քաղաքական կուսակցության, կոնկրետ՝ իր հետ աշխատելու մասով, ապա դա քննարկման հարց կդառնա. «Բայց այսօր Դավիթ Լոքյանը որևէ խնդիր չունի։ Ես սիրով կարդում եմ այդ ամենը, ժպտում եմ և դրանով ավարտում։ Առաջին և հիմնական առանցքն այն է, որ այդ իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին, որը մեծամասնություն է, և Սահմանադրությամբ ֆիքսված է, որ այդ կուսակցությունն է ներկայացնում վարչապետի թեկնածուին»։
Իսկ ապագա վարչապետի պաշտոնում Լոքյանը տեսնում է Սերժ Սարգսյանին. «Այսօրվա Հայաստանի բազմաթիվ ֆակտորային պայմանները թելադրում են փորձառու մարդու ներկայություն այդ պաշտոնում»։