Աղվան Վարդանյանը մարգինալ անվանեց այն ուժերին, որոնք կողմ են զինված պայքարով իշխանափոխություն իրականացնելուն

Այսօր Ազգային ժողովում ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում գերատեսչությունների դռները լրագրողների առջև փակելուն:

Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն ասաց, որ վերջին տարիներին ինքը չի նկատել, թե չորրորդ իշխանության դերակատարության համար կառավարության նիստերի բաց լինելն ինչ-որ բան տվել է: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու նիստերին, ապա Ա. Վարդանյանն ասաց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, որ լրագրողներն իրենց համար նախատեսված սենյակից հետևեն ավագանու նիստերին:

Հարցին՝ եթե ՀՀԿ-ական անդամները հայհոյեն մյուս անդամներին, ինչպե՞ս պետք է լրագրողներն ուղիղ հեռարձակմամբ դա նկատեն՝ Ա. Վարդանյանը պատասխանեց, որ կարծում է՝ ավագանու ընդդիմադիր անդամները կտեղեկացնեն նման դեպքերի մասին:

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու ցանկությանը՝ Ա. Վարդանյանն ասաց, որ յուրաքանչյուր կազմակերպություն, միավոր, ինքն է որշում իր պայքարի մեթոդները: Նա նշեց, որ ինքը դեմ է անձերի դեմ պայքարին:

Կարդացեք նաև

«Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չէ, բայց ես ՀՀ-ում ոչ միայն հիմքը չեմ տեսնում, այլև՝ ռեսուրսը չեմ տեսնում»,- նշեց Ա. Վարդանյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը զինված պայքարի կոչեր է անում, Նիկոլ  Փաշինյանն էլ ասում է, որ ապրիլի 9-17-ն իշխանությունը «քցած» է լինելու փողոցում՝ Ա. Վարդանյանը նախ ասաց, որ տարիներ առաջ ևս նման արտահայտություն եղել է, որ իշխանությունը փողոցում «քցած» է.

«Թող փորձեն վերցնել: Իշխանությունը փողոցում ընկած չի լինելու, ես համաձայն չեմ պարոն Փաշինյանի այդ ձևակերպման հետ: Հետո փողոցում ընկած լինելը մի քիչ հարաբերական է, ո՞ր փողոցում է լինելու, կարող է՝ գնան այն փողոցներով, որտեղ ընկած չլինի, և չգտնեն»:

Անդրադառնալով Վ. Ավետիսյանի կոչին՝ Ա. Վարդանյանը կրկնեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում պայքարի իր մեթոդները. «Մեր այս փոփոխությունների փուլում ծայրահեղականության, հակասահմանադրական պայքարի որևէ կոչ դատապարտելի է մեր կողմից: Մենք «Սասնա ծռերի» գործողությունը դատապարտել ենք առավոտյան շուտ: Չի կարող երկրում լինել փոփոխություն զինված պայքարով, արյունով, և բոլոր այն ուժերը, որոնք դրա կողմնակիցն են, մարգինալ են մնալու, լուսանցքում են մնալու»:

Տեսանյութեր

Լրահոս