Բաժիններ՝

«Սպասվում է վտանգավոր երևույթ». Գագիկ Սուրենյանը կոչ է անում ազգաբնակչությանը՝ զգոնություն ցուցաբերել

«Վաղը սպասվում է շատ ուժեղ տաք օդի ալիք, որը մեր երկիր ներթափանցում է Իրաքի տարածքից։ Չնայած սպասվող ամպամած եղանակին՝ օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, դուք կզգաք գոլ օդ։ Ջերմաստիճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, և վաղը կլինի շատ բարձր ջերմային ֆոն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ Սյունիքի հովտային գոտում ջեմաստիճանը վաղը ցերեկը կկազմի +31 +33 աստիճան, Արարատյան դաշտում կհասնի +26 +28 աստիճանի, Տավուշի հովտային գոտում՝ մինչև  +27 աստիճան. «Լեռնային շրջաններում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն, Վայոց Ձորի լեռնային շրջաններ, ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա և կհասնի մինչև +20 աստիճանի։ Վաղվա ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր կլինի 10-15 աստիճանով»։

Սուրենյանի խոսքով՝ մարտի 25-ին ջերմաստիճանը մի փոքր կնվազի՝ մոտ 3-4 աստիճանով, բայց մարտի 27-ից նորից հարավային տաք օդային հոսանքները կակտիվանան, և ջերմաստիճանը նորից կբարձրանա. «Եվ արդեն մարտի 27-28-ին կլինի այնպիսի ջերմաստիճան, ինչպիսին վաղը, այսինքն՝ շատ բարձր»։

Խոսելով սպասվող տեղումների մասին, Գագիկ Սուրենյանն ասաց, որ վաղը ուշ երեկոյան հորդառատ անձրև կսկսվի հանրապետության տարածքում, որը կշարունակվի մինչև մարտի 25-ի լուսադեմ. «Հաջորդ ցիկլոնը, որը տեղումներ կբերի, կլինի մարտի 28-ի երեկոյան ժամերին, 29-ին և 30-ին, որի ընթացքում ժամանակ առ ժամանակ կրկին հանրապետության տարածքում կունենանք անձրև և ամպրոպ։ Մարտ ամսին տեղումների քանակը հանրապետությունում քիչ չի եղել, եղել է նորմային մոտ և ավելի»։

Միևնույն ժամանակ նա ասաց, որ առաջիկա օրերին սպասվում է վտանգավոր երևույթ՝ քամիների ձևով. «Ասացի, որ վաղը շատ ուժեղ տաք օդի ներթափանցում է կանխատեսվում, իսկ Սև ծովի տարածքի վրա կան շատ ցուրտ օդային զանգվածներ։ Այդ տաք և ցուրտ օդային հոսանքները հանդիպում են իրար, և Հայաստանի տարածքի վրա ձևավորվում է ճակատային գոտի, որին մենք անվանում ենք մթնոլորտային ճակատ։

Այդ ձևավորված ճակատային գոտու արդյունքում մարտի 24-ին կեսօրից հետո մինչև 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 30 մետր/վայրկյանի։ Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մետր/վայրկյանի, որի արդյունքում հնարավոր է՝ կոտրվեն ծառեր, ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքի առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, վնասվեն էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։ Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն։ Մարտի 26-ին արդեն աստիճանաբար այդ ուժեղ քամիները կկորցնեն իրենց ուժը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս