Սթիվեն Հոքինգի դժվար երջանկությունը կամ ճակատագրին հաղթած մարդը

Այս մարդու ճակատագիրը քչերին է անտարբեր թողնում: 21 տարեկանում Սթիվեն Հոքինգին՝ ուժերի ծաղկման շրջանում գտնվող Օքսֆորդի համալսարանի շրջանավարտին, բժիշկները սարսափելի ախտորոշում արեցին և ապրելու համար՝ ընդամենը 2 տարի: Բայց ստացվեց այնպես, որ անբուժելի հիվանդությունը միայն դրդեց նրան իսկապես աշխատել ու գնահատել կյանքը: Նա կարողացավ ապրել, և չնայած նրան նորանոր փորձություններ են վիճակված հաղթահարել, Սթիվենը, միևնույն է, չի հուսահատվում, և քանի դեռ անգամ շատ փոքր հնարավորություն կա, փորձում է դիմակայել բարդություններին:

Այսօր՝ 2018թ. մարտի 14-ին, Սթիվեն Հոքինգի սիրտը դադարեց բաբախել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա կյանքի առավել ուշագրավ դրվագների ծաղկաքաղը:

1965թ. Առաջին ամուսնություն

Կարդացեք նաև

Դեռևս ուսանողական տարիներին Սթիվենը ծանոթացավ Ջեյն Ուայլդի հետ, ով սովորում էր բանասիրական ֆակուլտետում: Մոռանալով ընկերների ու թիավարության մասին, որով այդ ժամանակ նա հետաքրքրված էր, Սթիվենը շատ ժամանակ էր նրա հետ անցկացնում, կիսվում իր պլաններով ու պատմում սիրելի ֆիզիկայի ու վերջին հայտնագործությունների մասին: Ջեյնը ոչ միայն գեղեցիկ էր, այլև շատ հետաքրքրասեր և հետաքրքրությամբ լսում էր նրա պատմածները: Ջեյնն ու Սթիվենն արդեն ամուսնության մասին էին մտածում, երբ վրա հասավ դաժան հիվանդությունը, որն այնքան արագ էր զարգանում ու ատրոֆիայի ենթարկում բոլոր մկանները:

Սկզբում Սթիվենն ընկավ սարսափելի ընկճախտի մեջ, սակայն, բարեբախտաբար, կողքին Ջեյնն էր, ում այդ լուրը չվախեցրեց, և նա համաձայնեց ամուսնանալ Հոքինգի հետ:

1965թ. նրանք ամուսնացան: Սթիվենը որոշեց, որ, չնայած ամեն ինչին, ինքը պետք է աշխատի: Պլաններ շատ կային, և պետք էր հասցնել հնարավորինս շատ բան:

Նշանակում է, անհրաժեշտ էր ապրել, հատկապես, երբ կողքին Ջեյնն էր: Եվ նա մտավ ժամանակի հետ անհավասար պայքարի մեջ, որից, անկասկած, որպես հաղթող դուրս եկավ:

1967թ. ճակատագիրը նրան պարգևեց առաջնեկին՝ Ռոբերտին, 1968թ.-ին՝ դստերը՝ Լյուսիին, իսկ 1969թ.-ին՝ երրորդ զավակին՝ Թիմոթիին: Հիվանդությունն իրենն անում էր, ու, եթե իր հարսանիքի ժամանակ Սթիվենը հենված էր ձեռնափայտին, ապա առաջնեկին դիմավորելու գնաց հենակներով, իսկ հաջորդ երեխաներին արդեն՝ անդամալույծի սայլակով:

Սակայն Հոքինգը չէր հանձնվում: Նա շատ էր աշխատում. Դասավանդում էր, շրջագայում աշխարհով մեկ՝ ապշեցնելով ոչ միայն իր հետազոտություններով ու հայտնագործություններով, այլև ամրությամբ: Նրա տուն հաճախ էին գալիս ուսանողները՝ պարզապես զրուցելու կամ որևէ օգնություն ստանալու նպատակով, ու Սթիվենը երջանիկ էր:

1985 թվականին նրան պատուհասեց ևս մեկ փորձություն: Սթիվենը շատ ծանր թոքաբորբ տարավ, որին հետևեցին բարդություններ, որից հետո բժիշկներն անգամ Ջեյնին խորհուրդ տվեցին ամուսնուն կենսագործունեությունն ապահովող սարքերից անջատելու համաձայնություն տալ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվեց: Ստիպված եղան վիրահատել կոկորդը, որից հետո նա ընդմիշտ զրկվեց ձայնից, սակայն որոշ ժամանակ անց սովորեց խոսել ընկերների նվիրած խոսքի համակարգչային սինթեզատորի օգնությամբ:

Տարեցտարի Հոքինգը թուլանում էր, մարմինն ավելի ու ավելի դժվարությամբ էր ենթարկվում նրան: Ջեյնի սիրտը կծկվում էր ցավից ու անզորությունից: Նա ամուսնու հետ հիվանդության դեմ անհավանական պայքար էր մղում, սակայ երբեմն հուսահատվում էր, ընկճախտի մեջ ընկնում ու թևաթափ լինում: Ավելի ու ավելի հաճախ էր Ջեյնը սկսում մտածել այն մասին, թե ինչ կլինի իր ու երեխաների հետ՝ ամուսնու չլինելու դեպքում:

Երբեմն նրանց այցելում էր Հոքինգի ընկեր, եկեղեցական երգչախմբում աշխատող երաժիշտ Ջոնաթան Ջոնսը, ով շատ էր օգնում նրանց ընտանիքին: Առողջ ու առնական այդ տղամարդն աստիճանաբար կարողացավ գրավել Ջեյնի սիրտը: Սթիվենը, իհարկե, տեսնում ու հասկանում էր ամեն ինչ, բայց ի՞նչ կարող էր անել: Եվ չնայած նա շատ էր վիրավորված, սակայն նրանց հարաբերություններին չխոչընդոտեց: Նա ինքն էլ, համարելով, որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու, ուզում էր, որ ինչ-որ մեկը հոգ տանի Ջեյնի ու երեխաների մասին: Ջոնաթանը տեղափոխվեց նրանց տուն, և շուտով ամուսինները բաժանվեցին:

1995 թվական: Երկրորդ ամուսնություն

Ջեյնը Սթիվենին խնամելու համար Էլեյն Մեյսոն անունով մի կնոջ վարձեց, երբ Հոքինգը դադարեց խոսել: Ամեն օր նրա հետ բավականին երկար ժամանակ անցկացնելով՝ այդ կինը կապվեց Սթիվենի հետ ու սկսեց նրան հասկանալ առանց խոսքերի: 1995 թ. նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը: Այդ հարսանիքին ոչ նրա առաջին կինը, և ոչ էլ երեխաները ներկա չէին: Այն ժամանակ շատերն էին մտածում, որ Մեյսոնն ուներ սոսկ շահադիտական նպատակներ:

Այս ամուսնությունը տևեց 11 տարի: Անմիջապես հարսանիքից հետո Էլեյնն աշխատանքից ազատեց բոլոր նախկին դայակներին ու աշխատանքի ընդունեց նորերին, որպեսզի նրանց վերահսկելը հեշտ լիներ: Շրջապատողները նկատում էին, որ նա շատ վատ էր վերաբերվում Սթիվենին, դաժան էր նրա հետ, շատ կոպիտ էր խոսում, հաշմանդամ անվանում, ձեռք առնում: Ասում են, որ անգամ ֆիզիկական բռնություն էր գործածում Հոքինգի նկատմամբ:

Մի քանի անգամ նա նույնիսկ այրվածքներով, քերծվածքներով, կտրվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց ընկավ, սակայն Էլեյնի նկատմամբ ոչ մի բողոք չներկայացրեց ու ընդհանրապես հրաժարվում էր անգամ որևէ բան բացատրել: Նրան այդ առիթով բազմիցս հարցաքննել են ոստիկանությունում, սակայն նա հերքել է բոլոր մեղադրանքները:

2006թ. Սթիվենը բաժանվեց Էլեյնից, և նրա բոլոր մտերիմներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին: Նրանք բոլորն էլ չէին սիրում այդ կնոջը: Հետագայում իր գրած գրքում Սթիվենը խոստովանեց, որ նրանց հարաբերությունները բարդ են եղել, սակայն ամեն դեպքում Էլեյնը խնամել է իրեն, և ինքը նրան շնորհակալ է դրա համար: Պահեր են եղել, երբ Էլեյնն իսկապես նրան փրկել է մահից:

Մինչ օրս էլ Հոքինգը մենակ էր ապրում, բայց բոլորովին չէր նեղվում մենակությունից, կարելի է ասել՝ անգամ երջանիկ էր: Նա սիրելի աշխատանք ուներ, նրան այցելում էին աշակերտներն ու գործընկերները, որոնց հետ նա քննարկում էր գիտական խնդիրներ:

Բացի նրանցից, Սթիվենի կողքին էր ու հաճախ նրան տեսակցում էր նրա մտերիմ ընկերը՝ հոլիվուդյան կատակերգակ Ջիմ Քերին: Իսկ ամենագլխավորը, նրա կողքին էին հարազատները՝ երեխաներն ու թոռը:

Շատ ժամանակ էր անցկացնում նաև առաջին կնոջ՝ Ջեյնի հետ: Նրա երեխաները կայացած մարդիկ են: Ավագ որդին գիտությամբ է զբաղվում, դուստրն ու մյուս որդին լեզուներ են ուսումնասիրում: Երեխաներն օգնում էին հորն ու աջակցում բոլոր գործերում: Հաճախ է նա զանազան միջոցառումների ներկայանում դստեր հետ:

Այս համառ մարդն ապրեց 76 տարի:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս