«Որևէ մեկը չի կարող ասել, որ Կարեն Կարապետյանն ամենափայլուն գիտակներից մեկն է». Վահրամ Բաղդասարյան

«Հիմնականում խորացված ձևով արտաքին քաղաքականության և նաև Արցախյան հարցի բանակցությունների մեջ որևէ մեկը չի կարող ասել, որ Կարեն Կարապետյանն ամենափայլուն գիտակներից մեկն է: Այ, ինչ մնում է՝ տնտեսական բլոկի հետ կապված, ես կարող եմ շատ երկար խոսել Կարեն Կարապետյանի գործունեության մասին: Բնականաբար, պատերազմի ակունքներից եկած Սերժ Սարգսյանը` արտաքին հարաբերությունների, անվտանգության, բանակի հետ կապված հարցերի մասին, մենք չենք կարող այդ համեմատության զուգահեռները տանել: Կարող է` կոշտ է ստացվել, բայց այդպես է»,- այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե «Կարեն Կարապետյանն ո՞վ է, նա ի՞նչ գիտի Արցախից ու պատերազմից, և Սերժ Սարգսյանից բացի, չի ճանաչում մի անձի, որը կկարողանար բանակցել Ադրբեջանի հետ»:

Մեր դիտարկմանը, որ հանրապետականների կողմից, կարծես, հարձակում է սկսվել Կարեն Կարապետյանի դեմ, Վ.Բաղդասարյանը ժխտողական պատասխան տվեց. «Կարեն Կարապետյանի վրա որևէ հարձակում չի կարող լինել: Կարեն Կարապետյանի կառավարության արդյունքները բավականին գոհացուցիչ են եղել, նրա ցուցաբերած տնտեսական աճն է վկայում այդ մասին, և, եթե նայեք 2014-18թթ. ցուցանիշները, այդ մասին կհամոզվեք: Եվ եթե որևէ մեկը կխոսի Կարեն Կարապետյանի գործունեության մասին, խնդրում եմ, եկեք, ես դրա պատասխանները կտամ»:

Վ.Բաղդասարյանը հորդորեց հանգիստ լինել, որ Կարեն Կարապետյանի դեմ «հարձակման» նպատակը կապված չէ առաջիկա ընտրությունների հետ. «Եթե Կարեն Կարապետյանը, նման թեկնածու լինի, որևէ խոչընդոտ չի լինի: Կարեն Կարապետյանի հետ նախ պետք է այդ հարցուպատասխանն անեք: Որևէ խնդիր չկա: Հանրապետականում որևէ նման խնդիր չկա` մեկին քարկոծեն, մյուսին` ոչ: Մեզ մոտ քննարկումները շատ ազատ են, և, երբ հիմնավորվի, թե որ թեկնածուն է ավելի արժանի, մենք այդ որոշումը կընդունենք»:

Տեսանյութեր

Լրահոս