Բաժիններ՝

«Երազում եմ մարմնավորել Էսմերալդային». Մարիամ Արիստակեսյան

«Սիրո գերին», «Բախտաբեր», «Փրկեք մեր հոգիները» և այլ հեռուստանովելներից հանրությանը քաջածանոթ երիտասարդ դերասանուհի Մարիամ Արիստակեսյանը նկարահանվել է նոր՝ «Երևի» հեռուստասերիալում: «Արմենպրես»-ի թղթակիցը դերասանուհու հետ զրուցել է նոր ժապավենի և նրա ստեղծագործական կյանքի մասին:

-Ի՞նչն է ազդել ձեր մասնագիտական ընտրության վրա: Գուցե ընտանիքում կամ հարազատների շրջանում դերասաննե՞ր կան:

-Այս հարցում մեծ դեր է խաղացել տատիկս, որն ինձ դեռ վաղ տարիքից տանում էր թատրոն, դիտում էինք լավագույն ներկայացումները: Նա ինձ մասնակից էր դարձնում տարբեր մշակութային միջոցառումների: Տատիկս կրթված, զարգացած և բանիմաց կին էր, ռուսաց լեզվի և գրականության մասնագետ: Կարծում եմ՝ բնական է, որ կապվեցի թատրոնին, դերասանական արվեստին: Բայց դերասանուհի դառնալու հստակ որոշում կայացրեցի բավականին ուշ: Երբ այդ մասին հայտնեցի ընտանիքիս անդամներին, ոչ ոք չընդդիմացավ:

-Ընդունվելով թատերական ինստիտուտ՝ սովորել եք մեր ժամանակների մեծանուն դերասան Սոս Սարգսյանի կուրսում: Նրա հետ կապված ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք:

Կարդացեք նաև

-Ինձ համար մեծ պատիվ էր նրա կուրսում ուսանելը: Սոս Սարգսյանը միշտ շեշտում էր, որ մենք մեր երկրի ծառաներն ենք, և պետք է անենք ամեն բան՝ երկրին արժանի լինելու համար: Նա միշտ մեր հայ լինելու հարցն էր առաջ քաշում: Հաճախ փնովելով անորակ հեռուստանովելները՝ զայրացած ասում էր. «Բա հայը նման ֆիլմում կխաղա՞: Հիշեք մեր մեծերին»: Նրա համար առաջին տեղում հայն էր, նոր՝ դերասանը: Չափազանց հայրենասեր էր, և Սոս Սարգսյանից հայրենասիրություն էինք սովորում:

-Խաղացել եք տարբեր հեռուստանովելներում: Որքան նկատել եմ, մարմնավորել եք բացասական կերպարների: Ինչո՞ւ:

-Չեմ կարող բացատրել, թե ինչու են ռեժիսորներն ինձ բացասական կերպարներում տեսնում: «Փրկեք մեր հոգիները» ֆիլմում բավականին բարդ էր մարմնավորել մի մարդու, որը ոչ վատն էր, ոչ էլ լավը: Հերոսուհու ամուսինը միշտ վատ էր վերաբերվում նրան, նեղացնում, իսկ նա հանդարտ էր, հանգիստ: Անսովոր էր, քանի որ կյանքում շատ կենսուրախ, եռանդուն անձնավորություն եմ և պետք է գործի դնեի մասնագիտական բոլոր հմտություններս այդ դերը լիարժեք խաղալու համար:

-Աշխույժ մարդ եք կյանքում, իսկ ինչպիսի՞ն է Մարիամ Արիստակեսյանը նկարահանման հրապարակում:

– Այս աշխատանքում շատ կարևոր է պարտաճանաչությունը: Ես միշտ դրանով եմ առաջնորդվում՝ չուշանալ, ոչինչ չմոռանալ, անգիր իմանալ տեքստը և այլն: Չեմ հիշում, որ երբևէ ուշացած լինեմ նկարահանումից, այնինչ առօրյայում դա բնական երևույթ է, և ընկերներս համակերպվել են:

-Աշխատելու փորձ ունեք նաև թատրոնում: Վերոնշյալ «օրենքները» գործո՞ւմ են այնտեղ:

-Թատերական կյանքս բավականին կարճ էր, քանի որ շուտ ամուսնացա, և լույս աշխարհ եկան երեխաներս: Բավականին բարդ էր մասնագիտությանս վերադառնալը, բայց հաջողվեց կինո վերադառնալ: Իսկ պարտաճանաչությունը, ճշտապահությունը թատրոնում նույնպես անհրաժեշտ են:

-Ի՞նչ փոխեցին ձեր կյանքում ձեր բալիկները:

-Դերասանական կարիերայում դեռ վերելքներ և վայրէջքներ չեմ ունեցել: Ամեն ինչ առջևում է: Ես մայր եմ և դերասանուհի, որին երեխաներս չհուսահատվելու, չհանձնվելու և առաջ գնալու մեծ ազդակ են տալիս:

-Կա՞ մի կերպար, որը շատ կցանկանայիք մարմնավորել:

-Ուզում եմ մարմնավորել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» հանրահայտ ստեղծագործության սիրված հերոսուհուն՝ Էսմերալդային: Կարևոր չէ, թե ես այդ դերը որտեղ կխաղամ՝ հեռուստանովելո՞ւմ, գեղարվեստական ֆիլմո՞ւմ, փողոցո՞ւմ: Ժամանակին մասնակցել եմ «Շանթ» հեռուստաընկերությամբ հերարձակվող «Պարահանդես» մրցույթին և հասել եմ մինչև եզրափակիչ: Կցանկանայի նկարահանվել մի ֆիլմում, որտեղ կմարմնավորեի պարուհու: Հուսամ՝ նման առաջարկ կստանամ:

-Կխնդրեի անդրադառնալ «Երևի» նոր հեռուստանովելին: Ովքե՞ր են ներգրաված ֆիլմում, ինչի՞ մասին է այն և ե՞րբ կլինի եթերում:

-Սերիալը հեռուստադիտողների դատին կհանձնվի մարտի 5-ին: Սցենարին ծանոթանալով՝ հասկացա, որ այն լավն է, քանի որ զերծ է մեզ համար սովորական դարձած մի շարք բացասական երևույթների նկարագրությունից՝ աղքատություն, դժվար կեցության պայմաններ և այլն: Հեռուստանովելը սիրո մասին գեղեցիկ պատմություն է: Հետաքրքիր, գործունյա մարդկանց թիմ է հավաքվել, շատ լավ դերասաններ են ընդգրկվել ֆիլմում: Ռեժիսորը Վահե Սահյանն է, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Այստեղ, կարծես թե, դրական հերոսուհի եմ (ժպտում է):

-Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Երազում եմ, որ երեխաներս լավ մարդ դառնան, կրթված, բանիմաց և մեծ հաջողությունների հասնեն իրենց ընտրած ասպարեզներում:

-Դերասանուհի ծնվու՞մ են, թե՞ դառնում:

-Ծնվում են:

-Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ երեք երազանք կպահեիք:

-Անմահություն, մարդկանց մտքերը կարդալու կարողություն, Լյուկ Բեսոնի ֆիլմերից մեկում նկարահանվելու առաջարկ:

-Ի՞նչ կփոխեիք ձեր անցյալում և ինչո՞ւ:

-Չորրորդ դասարանում վախենում էի մաթեմատիկայի ուսուցչուհուց: Նա մի խնդիր առաջարկեց լուծել, որը ոչ ոք չկարողացավ: Ես գիտեի լուծումը, բայց չհամարձակվեցի մոտենալ գրատախտակին: Կյանքում պետք է համարձակ լինել:

-Ընկերություն կանեի՞ք ձեր նմանակի հետ:

-Միանշանա՛կ:

-Ի՞նչ անելու համարձակություն չունեք:

-Անկարգելից (պարաշյուտից) թռչելու:

-Ինչո՞վ կզբաղվեիք ձեր կյանքի վերջին օրը:

-Կթռչեի անկարգելից:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները տրամադրել է Մարիամ Արիստակեսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս