Լևոն Ալթունյանը՝ դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի մասին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ օրենքով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում. «4500 դեղամիջոցներից 2500-ը բաց են թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնան ազատ վաճառքի մեջ»։
Ինչ վերաբերում է այն դեղերին, որոնք բաց են թողնվելու դեղատոմսերով, նախարարն ասաց. «Մինչ դեղ օգտագործելը, առավելապես այն դեղը, որը պարունակում է հոգեմետ միջոց, նարկոտիկ նյութեր, դրանք անցնում են բժշկի նշանակման ներքո: Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ անպայման պոլիկլինիկայի աշխատակից, բայց այն բուժող բժիշկը, որը հոգում է հիվանդի կարիքները»,- ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարը նշեց, թե այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորվում են համապատասխան օրենքներով:
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է հասարակական լայն շրջանակների, մասնագետների հետ. «Քննարկումը կատարվում է Arlis.am-ում (նկատի ունի e-Draft.am-ը.- Ռ.Մ.)։ Հիմնական դժգոհությունները պայմանավորված են անտեղյակ լինելով»։
Հարցին՝ անտեղյակ լինելն ո՞ւմ մեղքով է, բացի այդ՝ բժիշկներն ու հասարակության խոցելի շերտը պնդում է, որ դեռևս վաղ է դեղատոմսերով դեղորայք ձեռք բերելը, քանի որ իրենց համար հավելյալ ծախս է բժշկի գնալը, միգուցե հարկավոր էր սկսել պոլիկլինիկաները կարգի բերելուց և ծառայությունների որակը բարելավելուց, նո՞ր անցնել այդ պահանջին, նա այսպես պատասխանեց. «Ես համամիտ չեմ ձեզ հետ, ձեր նշած առաջնահերթությունների հերթականությունն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև արդիականացնել պոլիկլինիկաները, հագեցնել ժամանակակից տեխնիկայով, դա բեռման պրոցես է, որը երկար է տևելու։ Ինչ վերաբերում է դեղերի կարգավորմանը, որևէ հավելյալ ծախս չի նախատեսվում, ուժեղ գործող դեղերը պետք է նշանակվեն բժիշկների կողմից։ Ինչ վերաբերում է լրացուցիչ ծախսերին, ապա ասեմ, որ մենք նախատեսում ենք մոտ 15-30 տոկոս տնտեսում այն դեղերի համար, որոնք ձեռք են բերվում՝ առանց համապատասխան պահանջի, և իրենց ժամկետն անցնում է տնային ապտեչկաներում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում