«Հիմա բանակից փախածները կոչվում են մասնագիտության դոկտորներ, հա՞». Վարդան Բոստանջյանը՝ նախարարին
«Դու նախագծում գրել եք՝ մասնագիտության դոկտոր. դա որոշակի չէ, ինչի՞ ենք մենք մեր օրենքի մեջ ավելորդ բան գրում»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատգամավորն առաջարկում գրել դրա փոխարեն:
«Ոչ մի բան մի գրեք: Դուք շատ եք շեշտադրում եվրոպական տարածքը, հասկանալի է, շատ սիրելի է եվրոպական տարածքը, բայց, միևնույն ժամանակ, հասկանալի է, որ մենք այս պահին գտնվում ենք ԵԱՏՄ-ում, հիմա ես չեմ հասկանում՝ նրանցը մերժո՞ւմ եք: Ինչ վերաբերում է մասնագիտության դոկտոր կատեգորիային, որ օրենքում ֆիքսել ենք, ես կարծում եմ՝ դա ավելորդ բան է, նման բան չի կարելի անել: Հիմա, բանակից փախածները կոչվում են մասնագիտության դոկտորներ, հա՞, որոնք թեկնածուական են պաշտպանել»,- հայտարարեց Վ. Բոստանջյանը:
Լ. Մկրտչյանն էլ ասաց, որ օրենքում ինչ-որ տեղ պետք է հստակ ասվի՝ ինչն ինչ է. «PHD-ն ի՞նչ է նշանակում, դա մասնագիտության դոկտորն է: Մենք ասում ենք՝ կա մասնագիտության դոկտոր, կա գիտության դոկտոր, աշխարհում բոլոր երկրներում դա կա: Այստեղ խնդիրը ո՞րն է, «մասնագիտության դոկտոր» տերմի՞նը դուրներս չի գալիս, ի՞նչ գրենք»: