«Պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի». Ռազմական փորձագետ
«Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- 168̣am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոութսի գլխավորությամբ, փետրվարի 13-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում:
Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ աջակցելու տարածաշրջանում իր դաշնակցին:
ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի գնահատմամբ՝ կողմերի շրջանում փոխհամաձայնության գալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից մշտական ռազմական մոդեռնիզացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամթերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջացնում:
Թրեյսի Ջերմանն ասաց, որ ռիսկերը, որոնք թվարկված են զեկույցում՝ որպես պատերազմ հրահրող գործոններ, առկա են Ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Սակայն, ըստ նրա, դրանք նոր գործոններ չեն, պատերազմի սպառնալիքը Ղարաբաղում միշտ է եղել, սակայն հարցը մեկն է՝ իրականում կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, քանի որ կողմերին զսպող գործոններ ևս կան:
«Զեկույցից բացակայում է այն գործոնը, որը լուրջ ազդեցություն ունի այս կոնֆլիկտում՝ դա արտաքին ազդեցությունն է, գերտերություններից որևէ մեկն այսօր հետաքրքրված չէ պատերազմով և չի աջակցի կողմերից և ոչ մեկին պատերազմի սանձազերծման դեպքում: Սա զսպող գործոն է: Հակամարտող կողմերի պատրաստվածությունը ևս զսպող գործոն է, քանի որ ունենալով գերժամանակակից սպառազինություն, լինելով ավելի սպառազինված, քան Հայաստանը, ապրիլյան պատերազմը շարունակել Ադրբեջանը չկարողացավ կամ չցանկացավ:
Ներկայումս զսպող գործոն է նաև այն, որ Հայաստանը քաղել է որոշ դասեր այդ պատերազմից և որոշակիորեն արդիականացրել իր ռազմական համակարգը, Ռուսաստանից պահանջել է վերականգնել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, որի մասին ՌԴ իշխանություններն այդքան խոսում են, այդ պահանջները ոչ լիովին, բայց իրավիճակ են փոխել, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը փոխվել է, Ռուսաստանը սկսել է ինչ-որ առումով հաշվի առնել Հայաստանի իշխանությունների և հասարակության հայտնած դժգոհությունները, քանի որ ապրիլյան պատերազմը դաս էր նաև Ռուսաստանի համար, Ռուսաստանը հասկացավ, որ Ղարաբաղյան հակամարտության ղեկն ամենևին էլ իր ձեռքում չէ, այլ այն զենքի, որն ինքն է վաճառում կողմերին:
Բնականաբար, դրանից հետո զենքի վաճառքը չդադարեց, սակայն տեսանելի է, որ որոշ դրվագներում ռուսական քաղաքականությունը փոխվել է: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները շարունակում են էլ ավելի արդիականանալ, պատրաստվել հնարավոր մարտահրավերներին: Հասկանալի է նաև այն մտայնությունը, որը նշված էր նաև զեկույցում այն մասին, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանին, Ադրբեջանն իր հերթին՝ կստանա Թուրքիայի աջակցությունը, ինչպես ապրիլյան պատերազմին:
Վստահ եմ՝ ռուսական աջակցությունը Հայաստանին չի լինի այնպիսին, ինչպիսին թուրքական աջակցությունն էր, բայց Հայաստանի պահանջի դեպքում այն չի կարող չլինել, ուստի այդ պնդումը տեղին է»,- ասաց Ջերմանը:
Բրիտանացի փորձագետը նշեց, որ պատերազմը կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը: Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում, ժամանակի ընթացքում այդ դիմադրությունն էլ ավելի է ուժեղանում, և պատերազմի այդ փորձը Հայաստանի օգտին էր:
«Կարծում եմ, պատերազմի վտանգը կա, քանի որ հարվածը հարվածի է հանգեցնում, սադրանքը՝ սադրանքի, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի, դրա փորձը կողմերն ունեն, միմյանց և սեփական հնարավորությունները ճիշտ են գնահատվում: Չկարգավորված հակամարտությունը միայն ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով գուցե օգտագործվի, գուցե լինեն սադրանքներ, կարճատև բախումներ և ոչ ավելին, քանի որ պատերազմելու վստահություն կողմերը չունեն»,- ասաց Ջերմանը: