Ամերիկացիները հավանել են Թրամփի՝ Կոնգրեսին հղած ուղերձը
Ամերիկացիների մեծամասնությունը դրական է գնահատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսին հղած ուղերձը: Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն անցկացվել է CNN-ի պատվերով։
Այսպես, ելույթին «շատ դրական» գնահատական է տվել հեռուստադիտողների 48 տոկոսը, իսկ եւս 22 տոկոսը նշել է, թե «ինչ-որ չափով դրական» է արձագանքել Թրամփի խոսքերին: Հարցման մասնակիցների 29 տոկոսն իր հերթին ասել է, որ ելույթն իրենց վրա բացասական տպավորություն է թողել: Հարցվածների մնացած մասը դժվարացել է պատասխանել:
Միեւնույն ժամանակ CNN-ն ընդգծում է, որ, հարցումների արդյունքների համաձայն, վերջին քսան տարվա ընթացքում պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի բոլոր նախորդները համաքաղաքացիներից ավելի շատ դրական արձագանքներ են ստացել Կոնգրեսին հղած իրենց ուղերձների համար: Հեռուստաալիքը նշում է, որ հարցման արդյունքներն արտացոլում են ոչ բոլոր ամերիկացիների տեսակետը, այլ միայն նրանց, ովքեր դիտել են Թրամփի ելույթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: