Դատական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների է ենթարկվել
Այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, մանավորապես` 12 կարևորագույն փոփոխությունները:
Նա նշեց, որ Վճռաբեկ դատարանի կողմից քննության և որոշումների համար սահմանվել է կիսով չափ նվազ շեմ, քան նախկինում, դատավորների հրաժարականի հարցը քննում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը կարող է մերժել հրաժարականը, գործերի բաշխման կարգի ժամանակ հաշվի է առնվում մարզերում առկա նստավայրերը և դատարանի նախագահի ծանրաբեռնվածությունը, 2019թ. հունվարից դատավորների թիվը կավելանա 12-ով, դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները, իսկ այդ հարցը կկարգավորվի Դատավարական օրենսգրքերով` Քաղդատ, Քրդատ. և Վարչդատ.:
«Դրանք կոշտ միջոցներ են, պրակտիկան հետագայում կարող է ցույց տալ, որ անհրաժեշտ են լրացուցիչ կարգավորումներ,- ասաց նախարարը և հավելեց,- Կնախատեսենք նույն ձևով կարգավորում` դատական տուգանքի տեսքով, ինչպես և կար առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում»»:
Դ.Հարությունյանի խոսքով` դատավորի ներգրավումը քննչական գործողությանը կարվի` առավելապես ապահովելով գաղտնիությունը և հարգանքը դատավորի անկախության ու հեղինակության նկատմամբ, նաև ընդլայնվել են դատավորների սոցիալական ապահովության հարցերը, որպես նորամուծություն` երաշխավորվել է ՄԻԵԴ կամ այլ դատարաններ գործուղվող դատավորների կենսաթոշակի իրավունքը, և այլն: