Առնետներ, անտանելի պայմաններ՝ Գյումրու տնակներում

Գյումրու Ավտոկայանի տնակային թաղամասի բնակիչները շարունակում են ապրել տնակներում` բնակարան ստանալու հույսով: Շատ դեպքերում տնակներում կոմունալ-կենցաղային պայմանները բավական վատ են. ամենուր առնետներն են վխտում: Ձմռանը՝ ձյան հալոցքի, գարնանն էլ՝ հորդառատ անձրևների պատճառով Ավտոկայանի տարածքում առատ ջուր է կուտակվում:

Տարածքը ոչ բարեկարգ է, ոչ էլ ասֆալտապատ: Գարնանը տեղանքի ցածր լինելու պատճառով անձրևաջրերը լցվում են տնակների մեջ:

Ավտոկայանի 104/030 տնակում է  բնակվում 73-ամյա Վարդան Քարեմջյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ երկրաշարժի պատճառով իր երեխաներից մեկին ու կնոջն է  կորցրել, տարիներ են անցել, սակայն չի կարողանում մոռանալ իր հետ տեղի ունեցածը:

Կարդացեք նաև

«Ես տուն ստացել եմ, իմ տղես կապրի էդ տան մեջ: Ես չեմ կարող ապրել: Քաղաքապետարանից էլ կանչեցին, հետները խոսացի, սեցի, որ սպես է վիճակը: Հիմա դոմիկ ապրելն ավելի հաճույք է, քան թե տան մեջ: Երկրաշաժի վիճակը իմ վրես ազդել է: Ես հմի, որ տղիս տուն կերտամ, լավ չեմ զգա: Աչքիս առաջ քանդված շենքերը գուկան: Ինչքան որ Աստված ընձի կյանք է տվել, ես կապրիմ տնակի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Քարեմջյանը:

Վերջինս նաև ասաց, որ երկրաշարժի ժամանակ 10-հարկանի շենքում է բնակվել: Դա այն շենքն էր, որը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով «ջարդվել» և հրդեհվել էր:

«Ու ես երդում կերա, որ շենքի անուն չտամ: 58 թաղամասում իմ երեխուս տունն էլ, որ կնստիմ, երեխես, թե՝ պա, միջոցառում է, խոսա, խնդա, թոռիդ ծնունդն է: Կսեմ՝ սիրտս չի տանի, 18 տարեկան քրոջդ ես հողը դրի, ո՞նց ուրախանամ»:

Իսկ ինչպե՞ս  է կարողանում Վ.Քարեմջյանը հոգալ իր սննդի, դեղորայքի ծախսերը:

«Մեկ-մեկ օգնություն կստանամ: Հմի ուրտեղ աշխատանք կա՞, որ աշխատիմ, թոշակառու եմ: Անցած տարվա մառոզը վրես շատ ազդեց: Հիվնդցա, հիվանդանոց պառկա»,- ասաց Վարդան պապը:

Գյումրիում կան նաև շատ անօթևան ընտանիքներ, որոնց ժամանակին տուն հատկացրել են, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ վերջիններս վաճառել են իրենց բնակարանները և հաստատվել տնակներում:

Կան նաև այնպիսի անձինք, ովքեր 1988 թվականի երկրաշարժից առաջ, որպես բնակարանի կարիքավոր՝ հերթագրվել են տուն ստանալու համար, սակայն երկրաշարժի պատճառով չեն կարողացել բնակարան ստանալ: Կառավարությունը դեռ Գյումրու անօթևանության հարցը չի լուծել, ուր մնաց՝ բնակարանի կարիքավորներին տուն հատկացնի:

Ավտոկայանի բնակիչներից մեկ ուրիշը՝ 104/108 տնակի բնակիչ Զիտա Զաքարյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ 1991 թվականին իրենց բնակարան են տվել, սակայն 1997 թվականին իր ամուսինն ինսուլտ է տարել, ուստի որոշել է բնակարանը վաճառել, որպեսզի կարողանա իր ամուսնուն օգնել: Մինչև 2009 թվականն ամուսնուն կարողացել են պահել, սակայն վերջինս մահացել է:

Տնակում բնակվում է իր երկու անչափահաս՝ երեք և ինը տարեկան թոռնիկների, անառողջ որդու և հարսի հետ: Աշխատող ձեռք չունեն:

«Տղես անառողջ է, օրավարձով կաշխատի: Մեր եկամտի աղբյուրը՝ նպաստը՝ 29000 դրամ է, ես էլ երրորդ կարգի ցմահ հիվանդ եմ: Թոշակն էլ 16000 դրամ կկազմե: Վառելափայտ չունեմ, դեսից-դենից ստվարաթուղթ ենք հավաքում, որպեսզի կարողանանք վառել: Էդ է մեր եկամտի աղբյուրը, ուրիշ ոչ մի բան: Քաղաաքապետարան դիմում էի տվել փետի, փետերը չտվեցին: Դեկտեմբերի 27-ն էր  թե 28-ը, 15000 դրամ գումար ստացա, նպաստիս, թոշակիս վրա դրեցի՝ Նոր տարի նշելու համար»,- ասաց Զիտա տատիկը:

Վերջինս նշեց, որ  իրենք ձմռան վառելիք չունեն, վառելափայտ էլ իրենց որևէ կազմակերպություն չի հատկացրել:

«Նոր տարվան որտեղ արկղները թափած տեսանք, իրիկունը դախլների մոտից հավաքեցինք, բերինք: Դեղերի դեպքում երկրորդ կարգինն է անվճար, երրորդն անվճար չէ, 50 տոկոս զեղչով է: Դեղերն էլ էնքան է  թանկացել: Իմ թոշակս չի բավարարում դեղերին: Տարին 4 անգամ հիվանդանոց կպառկիմ: Մարզպետարան դիմում տվեցինք, չօգնեցին: Ամսական մեր տուն 45000 դրամ կմտնի: Անցած տարի «Հայկական կարիտասը» 50000 դրամ տրամադրեց լույսի համար, բայց էս տարի ես դիմեցի Կարիտաս, ասացին՝ ոչ մի բանով չենք կարող օգնել»:

Արդյո՞ք այս ընտանիքի անդամները դիմել են քաղաքապետարան՝ սոցիալական բնակարան ստանալու համար:

Ինչպես նշեց տարեց կինը, եթե անգամ իրենց սոցիալական բնակարան հատկացնեին, ապա այն սեփականաշնորհել չէին կարողանա, մինչդեռ իրենց անհրաժեշտ է  սեփական տուն ունենալ:

Այս ընտանիքում բնակվող հարսն ասում է, որ տարեց կնոջը սոցիալական բնակարան էլ չէին հատկացնի, քանի որ նա միայնակ չէ, բացի այդ, եթե կարողանային էլ այն ստանալ, հետագայում երեխաների հետ չէին կարողանա այնտեղ բնակվել, գոնե տնակը սեփական է:

«Ըդպես տուն ես չեմ ուզե, ինքը որ չեղնի, հետո ես ո՞ւր էրտամ»,- ասում է նա:

«Քաղաքապետարան որ գնացել եմ, ես նշել եմ, թե տունն ինչ պատճառով եմ ծախել: Հետո որ եկան, էլի տնակների հաշվառում էրեցին, ես էլի նշել եմ, թե ինչ պատճառով եմ տունը ծախել: Ամուսունս մահվան, իմ հիվանդության թղթերը բոլորը ներկայացրել եմ. էպիկրիզներից բռնած: 10 տարի ես անընդհատ հիվանդանոցներում եմ»,- ասում է Զիտա տատը:

Այս տնակում բնակվող երեխաների համար ամենավատն այն է, որ այստեղ հաճախ առնետներն են «հյուրընկալվում», անկոչ հյուրի նման խանգարում իրենց հանգիստը:

Հաճախ գիշերները քնելիս՝ երեխաները վախենում են, որ հանդերձապահարանում կամ իրենց մահճակալների մոտ առնետներ չհայտնվեն: Մեծահասակները տարատեսակ դեղերի միջոցով փորձել են պայքարել առնետների դեմ, բայց  դրանից ոչ մի օգուտ չկա:

Գարնան անձրևային եղանակներին ջրի կաթոցներն անպակաս են, ստիպված տնակում դույլեր են դնում, որպեսզի անձրևաջուրը դրանցում հավաքվեն:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս