Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը դատի է տվել տարիներ առաջ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ընդդիմադիր գործչին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջանան Քաֆթանջըօղլուին, ով 2012 թ.իր թվիթերյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Իր անձը վիրավորելու համար Էրդողանը Ջանան Քաֆթանջըօղլուից պահանջել է 700 հազար լիրա (190 հազար դոլար) բարոյական փոխհատուցում: Էրդողանը Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացրել է 14 առանձին մեղադրանքներ, ներառյալ թվիթերյան գրառման մեջ իր մորը վիրավորելու վերաբերյալ:

Ջանան Քաֆթանջըօղլուն ԺՀԿ-ի կողմից նշանակվել էր Ստամբուլի նահանգի կուսակցական գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով այս հարցին, քննադատել էր Ժողովրդահանրապետական կուսակցության այս որոշումը՝ շեշտելով, որ ԺՀԿ-ն այդ պաշտոնում նշանակել է մի մարդու, ով ժամանակին ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

«Այդ մարդը, օգտագործելով«Հայոց ցեղասպանություն» եզրույթը, վիրավորել է մեր ազգին և նսեմացրել մեր պատմությունը: Տեսեք, թե ում ձեռքում է հայտնվել Քեմալ Աթաթուրքի կուսակցությունը»,- ասել է Էրդողանը: Այս պաշտոնում Քաֆթանջըօղլուի ընտրվելուց 24 ժամ հետո Ստամբուլի դատախազությունն անդրադարձել է նրա թվիթերյան գրառումներին և «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» անելու մեղադրանքներով հետաքննություն սկսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս