«Հատուկ ակնկալիքներ չարժե ունենալ այս այցելությունից». ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը՝ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցի մասին

«Ես որևէ նոր բան չնկատեցի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և հարցուպատասխանի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանը հակամարտության կարգավորման մասով կրկնեց այն, ինչ մշտապես ասել է նաև նախկինում, որ Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում.

«Ա՛յ, եթե հայտարարեր, որ Արցախն իր ներկայիս սահմաններում չի կարող Ադրբեջանի կազմում գտնվել, ապա դա, իրոք, նորություն կլիներ և կնշանակեր, որ ՀՀ գործող իշխանությունները վերանայել են առ այսօր իրենց կողմից որդեգրված անպտուղ ու վտանգավոր բանակցային պահվածքը, այն է` նվիրվածությունը Մադրիդյան սկզբունքներով սահմանվող «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևին»:

Նկատենք, որ Ս. Սարգսյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել էր այն հարցը, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Ա. Մելիքյանը գտնում է՝ պայմանավորվածությունները կատարելը պայմանավորվող կողմերի պարտականությունն է.

«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրություն կոչված բանը որևէ գործողություն չի ձեռնարկի կողմերի վրա հավելյալ ճնշում գործադրելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել էր, որ այդ օրվա գիշերն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է տեղի ունեցել: Հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել և կրել են կորուստներ: Ա. Մելիքյանի խոսքով՝ մի բան է հստակ և անփոփոխ՝ ճակատային գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված միջադեպեր հրահրելով լարվածությունը թեժացնելն ադրբեջանական կողմի վարած քաղաքականության ներդաշնակ բաղադրիչն է.

«Պաշտոնական Երևանը հակառակորդի այս մարտավարությանը հակազդելու համար արդյունավետ քաղաքական հակախաղը չի գտնում, և այդ իսկ պատճառով այս տեսանկյունից նախաձեռնության տերը հակառակորդն է, մինչդեռ հայկական զինուժն արձագանքողի դիրքերից է ստիպված հանդես գալիս»:

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում, և նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:

«Հատուկ ակնկալիքներ չարժե ունենալ այս այցելությունից: Դրա առավելագույն գործնական արդյունքը թերևս այն կարող է լինել, որ համանախագահներն ԱՀ և ՀՀ ղեկավարների հետ վերջնականապես համաձայնեցնեն պարոն Կասպրչիկի դաշտային առաքելության լիազորությունների ու կազմի ընդլայնման կոնկրետ պայմաններն ու ժամկետները: Այդուհանդերձ, չեմ բացառում, որ անգամ այդ համեստ արդյունքը չգրանցվի»,- նշեց Ա. Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս