«Արսենալը» ձգձգում է Օբամեյանգի վերաբերյալ բանակցությունները, և «Բորուսիան» կարող է արգելափակել գործարքը
Գերմանացիներն ավելի շատ կոնկրետություն են ուզում: Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գինը՝ 70 մլն եվրոյի չափով, և գերմանացիները մտադիր չեն զիջել: «Դեղնասևերի» ղեկավարությանը նյարդայնացնում է Լոնդոնի «Արսենալի» դիրքորոշումը, որը ձգձգում է բանակցությունները:
Տվյալ պահին, ինչպես հաստատում է Kicker-ը, բանակցությունները մտել են փակուղի: «Արսենալն» առաջարկել է 45 մլն եվրո և ևս 5 մլն եվրո՝ որպես բոնուս, դորտմունդցիները մերժել են առաջարկը:
«Արսենալի» նոր առաջարկը եղել է առաջինից մի փոքր բարձր: Գերմանացիները գտնում են, որ այդպես առևտուր անելը լուրջ չէ, և նաև գտնում են, որ եթե բանակցությունները շարունակվեն նույն ոգով, ապա գործարքը կձախողվի:
Ավելի վաղ Bild-ը հաղորդել էր, որ «Արսենալը» պատրաստ է մեկ մրցաշրջանի համար գաբոնցուն վճարել 20 մլն եվրո՝ 2 անգամ ավելի, քան հիմա «Բորուսիայում», որտեղ Պիեր-Էմերիկն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը