«Ըստ երևույթին, ադրբեջանական կողմի զոհերը շատ են». Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ

«Մենք մշտապես նշում ենք, որ Ադրբեջանի քաղաքականությունն ահաբեկչական է, իսկ ահաբեկչությունը տրամաբանություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով երեկ հակառակորդի կողմից իրականացված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ երեկ արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ է տեղի ունեցել: Հայկական կողմի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում` ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել և կրել են կորուստներ:

Դ. Բաբայանի խոսքով՝ ադրբեջանական կողմի գործողությունները միշտ անտրամաբանական են. «Նրանք կատարում են այդ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը, երբ Արցախում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, երբ պետք է կատարվի սահմանի մշտադիտարկումը, և այլն:

Տրամաբանորեն՝ կարծես թե չպետք է հենց այդ օրն անեն, պետք է սպասեն կամ մի քանի օր առաջ նման բաներ անեն, բայց ահաբեկչությունն ընդհանրապես տրամաբանության հետ կապ չունի: Երբ ՀՀ-ի նախագահը ելույթ էր ունենում ԵԽ ԽՎ-ում, դրա հետ մեկտեղ՝ նրանք այսպիսի քայլեր են կատարում, ինչը կրկին ուժեղացնում է մեր դիրքերը, կրկին ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, ինչը խփում է Ադրբեջանի վարկանիշին»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ տեղեկություններ կան՝ ադրբեջանական կողմի կորուստների թվի հետ կապված, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Իրենք երբևէ իրենց կորուստների մասին չեն հայտնում: Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ընդհանրապես նվազեցնել այդ միջադեպերը, բայց էլի անտրամաբանական մոտեցումներ են իրենք որդեգրում: Հիմա կան զոհեր իրենց կողմից, ըստ երևույթին, շատ են զոհերը, հիմա այդ ընտանիքների համար այս 2018 թվականը ո՞նց է սկսվել, մարդ են, չէ՞, մենք չպետք է ուրախանանք ուրիշի մահով կամ դժբախտությամբ: Հիմա ո՞նց է Ալիևը բացատրելու այդ ընտանիքներին, որ իրենք իրենց զավակներին, հայրերին են կորցրել: Ընդհանրապես, այդ ներթափանցման փորձն ի՞նչ է տալիս, դա պարզապես ահաբեկչություն է»:

Տեսանյութեր

Լրահոս