Մահացել է The Fall-ի վոկալիստ Մարկ Սմիթը
60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ եւ The Fall փոսթ-փանք խմբի վոկալիստ Մարկ Էդվարդ Սմիթը: Հունվարի 24-ին այս մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով խմբի ղեկավարին։
«Մենք խորին ցավով հայտնում ենք կյանքից Մարկ Էդվարդ Սմիթի հեռանալու մասին: Նա մահացավ այս առավոտյան (հունվարի 24-ին) տանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
The Fall-ը հիմնվել է 1976 թվականին Մանչեսթրում եւ զգալի ազդեցություն է գործել այլընտրական ռոքի զարգացման վրա: Անցյալ տարի կոլեկտիվը հարկադրված էր չեղյալ հայտարարել մի շարք համերգներ վոկալիստի առողջական վիճակի պատճառով:
Խումբը գոյության ամբողջ ընթացքում թողարկել է 32 ստուդիական ալբոմ: Վերջինը՝ New Facts Emerge-ը թողարկվել է 2017 թվականի աշնանը եւ 35-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական երաժշտական վարկանիշերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: