Սերժ Սարգսյանը հանդիպել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:
Հանրապետության նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60-րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարևոր հենքերից է։ Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ՝ Նախագահը նշել է, որ իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների և նրանց քաղաքացիների շահերից: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաև Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման և ընդհանրապես եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարևոր է:
Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ ևս այցելելու համար և կարևորել նման հանդիպումներն ու շփումները: ՄԻԵԴ նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաև ՄԻԵԴ-ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը: Գիո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է և որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ: