Բաժիններ՝

«600 հազար վարձու աշխատողների 90 տոկոսի վրա եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը դրական է ազդելու». ՊԵԿ ներկայացուցիչ

Հարկային օրենսգրքում եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը դրական է ազդում հօգուտ աշխատողի, եթե նա ստանում է մինչև 279 հազար դրամ աշխատավարձ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այն շատ լուրջ հարված չի հասցնելու միջին խավին:

«Հայաստանում կա մոտ 600 հազար վարձու աշխատող, որից մի խումբը պետական հատվածն է, մյուսը՝ մասնավոր: Այդ 600 հազար աշխատողների մոտ 90 տոկոսը գտնվում են այն սանդղակում, որի վրա ազդեցությունը դրական էր, այսինքն՝ մինչև 279 հազար դրամ են ստանում: 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում ազդեցությունը գալիս է արդեն 34400 դրամ, արդեն՝ ի վնաս եկամուտ ստացողի»,- նկատեց Վ. Համբարձումյանը:

Դիտարկմանը, թե տնտեսագետներն ասում են, որ եկամտահարկի փոփոխությունը հիմնականում հարվածում է միջին խավին՝ Վ. Համբարձումյանը պատասխանեց՝ թվեր ներկայացնելով. «600 հազար վարձու աշխատողից մոտ 90 տոկոսը գտնվում է 279 հազար դրամի սանդղակում: Սրա բացատրությունը նաև հետևյալն է՝ մասնավոր հատվածի մեծ մասում կա աշխատավարձերի լուրջ թերհայտարարագրում: Եթե մինչև հիմա մենք ունեինք չձևակերպելու խնդիր, հիմա Հարկային օրենսգիրքը փոխվել է և ասում է՝ վարձու աշխատողն աշխատանքից դուրս գալուց առաջ պետք է պարտադիր հայտարարագրված լինի համակարգում:

Սրանով ինքը ձևակերպումը շատացնում է, բայց թերհայտարարագրման խնդիրը չի լուծում: Այս ընդհանուր կոնտեքստում ունենք վիճակ, որ 600 հազար վարձու աշխատողների 90 տոկոսը մտնում են մինչև 279 հազար դրամ ստացողների սանդղակում: Այո, մյուս 10 տոկոսի վրա բեռ է ավելացել, բայց եթե քանակային հաշվենք, 1 միլիոն դրամի վրա ազդել է 14 հազար դրամ: Մինչև 279 հազար դրամը եկամտային հարկը նվազել է, այսինքն՝ մաքուր աշխատավարձը բարձրացել է: 279 հազարի դեպքում 0 է, իր վրա ազդեցություն չկա, դրանից հետո սկսեց հակառակը՝ աճել: 300 հազար ստացողի համար 420 դրամ է, 500 հազար ստացողի համար՝ 4400 դրամ: Միանշանակ, ավելացել է, բայց ընդհանուր առմամբ, 600 հազար վարձու աշխատողների 90 տոկոսը մտնում է 279 հազարի տակ: Հիմնական պատճառն էլ մասնավոր հատվածի թերհայտարարագրումն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս