«Դե թող խոսեն՝ գնան։ Եթե հարց չպիտի տանք, էդ մարդն էլ ինչի՞ է եկել». ԱԺ-ում քննարկում են գնաճը
Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գնաճի հետ կապված մտահոգություններ կան, ինչը չի կարող անտարբեր թողնել Ազգային ժողովին։ Նա համոզմունք հայտնեց, որ լսումներն արդյունավետ կլինեն, բանախոսները տարբեր ապրանքների գների աճի հետ կապված փաստարկներն ու առաջարկները կներկայացնեն հիմնավորված։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ քննարկման թեման ազատական շուկայի բազիսն է՝ գների ձևավորումը։ Նա նշեց, որ լսումների արդյունքում պատգամավորները կկարողանան ձևավորել իրենց քաղաքականությունը։
Խ. Հարությունյանը ներկայացրեց բանախոսներին, այդ թվում՝ ԱՎԾ պետին, որը, սակայն, միայն հաղորդում է տալու, և նրան հարցեր ուղղել չի կարելի։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը, թե ինչո՞ւ չի կարելի հարցեր ուղղել, չէ՞, որ ամեն ինչ այդտեղից է սկսվում, Խ. Հարությունյանը պատասխանեց, թե միջազգային խարտիայով և օրենքով Վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքականության մեջ, նրա ներկայացումը բացառապես տեղեկատվական է։
«Բայց ես չասեցի՝ Վիճակագրական ծառայության պետին ներքաշեք քաղաքականության մեջ, ասում եմ՝ հարցեր պետք է տրվե՞ն, թե՞ չէ։ Թվեր են հրապարակվել, այդ թվերի վերաբերյալ հարցեր կան»,- հակադարձեց Ն.Փաշինյանը՝ առաջարկելով ԱՎԾ պետին գնալ իր գործին, քանի որ ցուցանիշները հրապարակվել են, և բոլորն էլ տառաճանաչ են։
Խ.Հարությունյանը փորձեց լռեցնել պատգամավորին՝ ասելով, թե լսումներն իր ղեկավարած հանձնաժողովն է կազմակերպել։ Փաշինյանը շարունակեց դժգոհել, որ մեթոդաբանությունն էլ է հրապարակված, թվերն էլ, էլ մարդուն ինչո՞ւ զբաղեցնել։
«Խնդրում եմ հանգիստ, կրքերը պետք չի բորբոքել»,- հորդորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Դե թող խոսեն՝ գնան։ Եթե հարց չպիտի տանք, էդ մարդն էլ ինչի՞ է եկել»,- տեղից շարունակեց դժգոհել Փաշինյանը։
«Պարո՛ն Փաշինյան, Դուք ասացիք, մենք լսեցինք, կարգը հաստատված է։ Մարդիկ, որ համաձայն չեն, իրավունք ունեն քննադատելու, նույնիսկ մեր վարման ձևը։ Բայց մենք պետք է աշխատանքն իրականացնենք՝ մեկս մյուսին հարգելով»,- միջամտեց Ա.Բաբլոյանը։
Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ պետք է բաց քննարկում լինի, և լսումների նպատակն է՝ բոլոր պաշտոնյաներին խորքային հարցեր ուղղել։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց վերադառնալ կառուցողական դաշտ, նա ասաց, որ հավաքվել են՝ միմյանց լսելու, և հարցեր կարող են տալ բոլոր հիմնական զեկուցողներին, բայց ԱՎԾ պետը հաղորդում է տալիս, և ԱԺ նախագահի իրավասությունն է՝ նշանակել զեկուցողներին։ Նա նշեց, որ պետք է մասնագիտական մակարդակով բոլոր հարցերին պատասխանեն. «Մենք ստեղ չենք հավաքվել՝ թոզ փչենք-գնանք»։