Բենզինի գինն աճել է 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,8%-ով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1% գնաճ: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 1,6%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,8%-ով: 2017 թ. դեկտեմբերին 2016 թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 18,2% եւ 18,9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,1-1,2%-ով, իսկ մայրաքաղաքում գրանցվել է 0,2% գնանկում:
Ըստ ԱՎԾ–ի՝ թանկացումներ են գրանցվել նաեւ ծառայությունների ոլորտում:
Այսպես, մատուցված ծառայությունների ոլորտում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ:
Համաձայն վիճակագրության ՝ բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,2%-ով: Հանգստի եւ մշակույթի ծառայությունները նույնպես թանկացել են: Գնաճն այստեղ 1,2% է կազմել, իսկ հյուրանոցային ծառայություններինը՝ 1,3%:
Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի ծառայությունների սակագների 0,5% նվազում (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 1% նվազումով), իսկ առողջապահության, կապի եւ կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,1-0,2% հավելաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 0,1%-ով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: