Բոլորը սպասում են Մխիթարյանի որոշմանը. Տրանսֆերն օրերի կամ ժամերի հարց է
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն ավելի ու ավելի հավանական է դառնում: Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելը հնչում էին մի քանի տարբերակներ, հիմա տարբերակներն ավելացել են, բայց ամենից շատ խոսվում է Լոնդոնի «Արսենալի» մասին:
Ի՞նչ է կատարվում իրականում
Օրեր առաջ Մոուրինիոն լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մխիթարյանը մանչեսթերյան ակումբի կարևոր ֆուտբոլիստներից է և կխաղա ակումբի հաջորդ խաղում: Հաջորդ խաղում Մխիթարյանը բացակայում էր թիմի հայտացուցակից: Մոուրինիոյի պատասխանը փաստում է այն, որ Մխիթարյանը հիմա բանակցությունների մեջ է և կենտրոնացած չէ մանչեսթերյան ակումբի խաղերի վրա:
«Ֆուտբոլիստի համար հեշտ չէ խաղալ, երբ կասկածներ կան ապագայի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով սա լավագույն որոշումն էր թե՛ Մխիթարյանի, թե՛ մեզ համար»,- նշել է Մոուրինիոն: Ավելի ուշ պորտուգալացի մարզիչը նշել է, որ Հենրիխի դիրքում շատ տարբերակներ ունի, սակայն չի կարող ասել, որ ցանկանում է հրաժարվել Մխիթարյանից: Ըստ Մոուրինիոյի՝ տրանսֆերային պատուհանը բաց է, և 22 ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն ամեն պահի կարող է հեռանալ: Մոուրինիոյի խոսքերից կարելի է ենթադրել, որ պորտուգալացի մասնագետն այնքան էլ ոգևորված չէ Մխիթարյանից բաժանվելու փաստով, սակայն չի էլ մտածում, որ առանց Մխիթարյանի՝ թիմը լուրջ կորուստներ կունենա:
Անգլիական մամուլում Մխիթարյանի մասին նորությունների հսկայական հոսք է: Մեկնաբանություններն ու կարծիքները տարբեր են, բայց հստակ է մեկ բան, ոչ ոք դեմ չէ, որ Մխիթարյանը տեղափոխվի լոնդոնյան ակումբ: Չնայած անգլիական մամուլում տարածվում է ևս մեկ վարկած, ըստ որի՝ Մխիթարյանը չի ցանկանում տեղափոխվել «Արսենալ» ՝համարելով Արսեն Վենգերի թիմ տեղափոխությունը հետքայլ:
Անգլիացի լրագրողները նշում են, որ Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն Մոուրինիոյի թիմում տեղը պահպանելու համար պետք է լինել ավելի տաղանդավոր և չունենալ բացթողումներ: Վենգերն իդեալական մարզիչ կլինի Մխիթարյանի տեսակի ֆուտբոլիստի համար:
Մխիթարյանն ու Սանչեսի տրանսֆերը
Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական մամուլը գրեթե համոզված է, որ Սանչեսի տրանսֆերի մաս կկազմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսօր արդեն Արսեն Վենգերը նշել է, որ Սանչեսը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը: Անգլիական մամուլի տեղեկություններով՝ Ժոզե Մոուրինիոն անձամբ է զանգահարել Արսեն Վենգերին՝ խնդրելով բաց թողնել Սանչեսին:
Անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին», կարծես դադարեցրել է պայքարն Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար: Անգլիայում արդեն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Սանչեսն ընտրել է մանկունյանցիներին: Սակայն, մյուս կողմից՝ Սանչեսի համար պայքարի մեջ է մտել նաև «Չելսին», ինչից կարելի է ենթադրել, որ առաջիկա տրանսֆերային օրերն Անգլիայում թեժ են լինելու:
Ըստ Sky Sport Italia-ի տեղեկությունների՝ Ալեքսիս Սանչեսն արդեն իսկ համաձայնել է տեղափոխվել «Յունայթեդ»: Հիմա բոլորը սպասում են Մխիթարյանի որոշմանը: Եթե նա համաձայնեցնի տեղափոխության պայմաններն «Արսենալի» հետ, ապա Սանչեսի պայմանագիրը ևս կստորագրվի:
««Մանչեսթերը» չի ստորագրի Սանչեսին, քանի Մխիթարյանը չի համաձայնել տեղափոխվել «Արսենալ»: Միկին դեռ որոշում չի կայացրել:
Նա միայն լավ մտածելուց հետո որոշում կկայացնի: Միկին ունի 2,5 տավա պայմանագիր, այնպես որ, միայն ինքը գիտի, թե որ տարբերակն է իր համար ավելի հարմար»,- նշել է Մխիթրայանի գործակալը:
Նշենք նաև, որ լոնդոնյան ակումբը շատ մոտ է՝ ստորագրելու Օբամեյանգին: Իսկ Օբամեյանգ-Մխիթարյան զույգը հրաշալի տարբերակ է եվրոպական շատ ակումբների համար:
Անգլիական մամուլի տեղեկությունների համադրմամբ ստացվում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը կախված է միայն հայ ֆուտբոլիստի որոշումից:
Եթե ոչ «Արսենալը», ապա…
Հիշեցնենք, որ բացի լոնդոնյան ակումբից՝ քննարկվում են ևս մի քանի տարբերակներ:
Առաջին վարկածը «Բորուսիա» վերադարձն էր: Անգլիական մամուլը չէր հավատում, որ Մխիթարյանը կգնա «Բորուսիա»՝ հիշելով, թե ինչ դժվարությամբ դորտմունդյան ակումբը բաց թողեց Մխիթարյանին: Բացի այդ, Մխիթարյանի գինն աճել է, դորտմունդյան ակումբի ֆինանսական խնդիրները՝ ևս:
Խոսակցությունների հաջորդ ալիքն «Ինտերից» էր: Միլանյան ակումբի հետաքրքրության մասին իտալական մամուլը զգուշորեն էր խոսում, քանի որ, եթե Մխիթարյանին գնել իրենց թույլ չեն կարող տալ դորտմունդցիները, ապա միլանյան ակումբի համար այս խնդիրն ավելի բարդ էր: Իտալացիների գլխավոր տնօրենը ևս նշել էր, որ իրենք սիրով կընդունեն Մխիթարյանին, սակայն նա շատ թանկ արժե:
Իտալական մամուլը կենտրոնացավ «Յուվենթուսի» վրա: Թուրինյան ակումբը պայքարում էր Մխիթարյանին ձեռք բերելու համար դեռևս նախորդ մրցաշրջանում: Այս տարբերակը, կարծում ենք, ավելի հավանական է, քանի որ Մխիթարյանի գործակալ Ռայոլան լավ հարաբերություններ ունի «Յուվենթուսի» հետ, վերջինս էլ ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները Մխիթարյանին գնելու համար:
Մխիթարյանը դեռևս մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ է, շատ մոտ է թիմը լքելուն, և նրան գնել այժմ փորձում են մի շարք ակումբներ: Տարբերակները շատ են՝ անգլիական ակումբներից՝ մինչև թուրքական ակումբներ: Առայժմ հստակորեն ընդգծվում է մեկ բան. եթե Մխիթարյանը որոշել է հեռանալ մանչեսթերյան ակումբից, ապա պետք է որոշում կայացնի առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում, քանի որ մանչեսթերցիներն իրենց տրանսֆերներն իրականացնելու համար սպասում են նաև Մխիթարյանի որոշմանը: Ոչ թե մնալու կամ գնալու որոշմանը, այլ՝ ակումբ ընտրելու:
Ավելացնենք նաև, որ ո՛չ մանչեսթերյան ակումբը, ո՛չ էլ Մխիթարյանը հստակ չեն նշել, որ հայ ֆուտբոլիստը հեռանալու է: Մեծ է նաև հավանականությունը, որ ձմռանը հայ կիսապաշտպանը չի փոխի ակումբային գրանցումը:
Սիրարփի Աղաբաբյան