«Եթե մոնոպոլիա եք ստեղծում՝ մեկին տալու համար, ասեք». Նաիրա Զոհրաբյանը՝ միասնական երթուղային ցանցի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել մեկ միասնական երթուղային ցանց ամբողջ հանրապետությունում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին հարցով դիմեց. «Տարիներ շարունակ մեր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները շատ ցածրորակ ծառայություններ են մատուցում: Բողոքներ կան տրանսպորտային միջոցների հնամաշ լինելուց, ժամկետանց լինելուց, բազմաթիվ դեպքեր ունենք, որ զոհեր ենք ունենում: Այս օրենքը, որ դուք բերել եք, կարո՞ղ է լուծել այդ խնդիրները, թե՞ կոսմետիկ լուծումներ եք տալիս»:
Ի պատասխան՝ Գ. Գրիգորյանն ասաց, որ սա կոսմետիկ փոփոխություն չէ, սա հիմնարար փոփոխություն է. «Մենք հիմնականում լիազորում ենք հանրապետական գործադիր մարմնին՝ իրականացնելու այդ գործառույթը և ամբողջ հանրապետության տարածքում իրականացնելու մեկ միասնական երթուղային ցանցի աշխատանքները: Պետք է նաև համաձայնեցվի ՏԻՄ-երի հետ, մարզպետարանների հետ, բայց ամբողջ պատասխանատվությունը գործադիր մարմնի վրա է ընկնում: Դա կլինի համակցված երթուղային ցանց, կունենա մեկ միասնական օպերատոր, որը կկառավարի ամբողջ տրանսպորտային համակարգը, կունենա մեկ միասնական տոմսային համակարգ, այսինքն՝ մի համայնքում տոմսը ձեռք բերելուց դուք հնարավորություն կունենաք երթևեկել մինչև ձեր ուզած վերջնակետը»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ, ինչպես միշտ՝ գաղափարը հետաքրքիր է, բայց պարզ չէ, թե արդյո՞ք իրականանալի է. «Վերջերս մենք Շիրակի մարզում էինք, հենց Գյումրիի ներսում թաղամաս կա, որտեղ տրանսպորտ չի գնում, որովհետև բիզնես տեսակետից՝ ինքը համարվում է ոչ արդյունավետ: Հիմա դուք ներկայացնում եք հետաքրքիր գաղափար, բայց չեք ներկայացնում ճանապարհային քարտեզը, թե ոնց եք դա իրականացնելու: Եթե մոնոպոլիա եք ստեղծում՝ մեկին տալու համար, ասեք, իսկ եթե միջհամայնքային տրանսպորտի խայտառակ վիճակն ենք ուզում բարելավել, ուրեմն՝ պետք է ասեք՝ ոնց եք անելու: Դուք ասում եք՝ ամեն ինչ անելու եք, որ սակագինը չբարձրանա: Բա, որ այդ ֆոկուսի ձևը գիտեք, որ սակագինը չբարձրանա, և ապահովեք պատշաճ որակ, մինչև հիմա ինչի՞ չէիք անում: Գյուղեր կան, որ ձմռան սեզոնին կտրվում, դառնում են Ալյասկա, և մինչև առաջին և վերջին հալոցքն այնտեղ հնարավոր չէ նույնիսկ սայլով մտնել»:
Գ. Գրիգորյանը նշեց, որ, քանի որ այսօր այդ ամենը դրված է մարզպետարանների և քաղաքապետարանների վրա, այնտեղ հնարավորություններն այնքան մեծ չեն. «Այսօրվա վիճակում մեր ճանապարհային տրանսպորտային ցանցի դժվարություններից մեկն այն է, որ հախուռն ձևով է ձևավորվել, ամեն մեկը մտել մի տեղ, աշխատել է, իրանով է արել ու շարունակում է այդպես լավ ու վատ սպասարկել: Այդ բոլորը վերացնելու ու նաև ապացուցելու համար, որ ոլորտում հնարավոր է բարեփոխումներ իրականացնել, այս գաղափարը դրվել է»: