Բաժիններ՝

Դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել է Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն

Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Կարապետյանը: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են թատրոնի վարչակազմում:

«Այսօր նրան կոլեկտիվին ներկայացրել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Կարապետյանի թեկնածությունը դարձել է երկարատեւ համաձայնեցումների, կոնսուլտացիաների եւ մրցութային ընթացակարգերի արդյունքը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Կարապետյանը 1994 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան՝ «օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն» մասնագիտությամբ:

1992 թվականին իր մասնագիտական գործունեությունն սկսել է Կոնսերվատորիայի երաժշտական թատրոնում Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրությամբ: 1992-1997 թվականներին եղել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժորը:

1997-2005 թվականներին Ստանիսլավսկու եւ Դեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի (Մոսկվա) դիրիժորն էր, 2005-ից մինչեւ 2013 թվականներին՝ այդ թատրոնի կարգադրիչ-տնօրենը, իսկ 2013-2016 թվականներին զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը:

2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի մայիս նա եղել է Հարբինի (ՉԺՀ) Մեծ թատրոնի եւ Տյանցզինի Մեծ թատրոնի (ՉԺՀ) փոխնախագահը եւ արտիստական տնօրենը:

2017 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս