Առնվազն 13 մարդ է տուժել Պերմի դպրոցում տեղի ունեցած միջադեպի պատճառով
Առնվազն 13 մարդ է տուժել Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային հետաքննչական վարչության փոխղեկավար Սերգեյ Սարապունցեւը:
«Ընդամենը տուժել է 16 հոգի, ներառյալ այն երկու անձինք, որոնց միջեւ դանակակռիվ է տեղի ունեցել: Տուժածներից մեկը ուսուցչուհի է»,-ասել է նա: Սկզբում տեղի իշխանությունները հայտնել էին դպրոցի վրա երկու դիմակավոր մարդու հարձակման մասին, այնուհետեւ Հետաքննչական կոմիտեն հայտնել է սովորողների միջեւ տեղի ունեցած կռվի մասին:
Հետաքննչական կոմիտեի տեղի վարչության վարկածով՝ երկու դպրոցականների միջեւ կռիվ է տեղի ունեցել դանակների կիրառմամբ, որը փորձել են կանխել այնտեղ գտնվող մանկավարժներն ու սովորողները:
Ինչպես հայտնել են գերատեսչությունում, կռվի պատճառ է դարձել անձնական հակակրանքի հողի վրա երկու սովորողների միջեւ ծագած կոնֆլիկտը: Ներկայում կասկածյալները ձերբակալված են, քրեական գործ է հարուցված երկու եւ ավելի անձանց դեմ մահափորձի եւ սպանության հոդվածով:
ՆԳ նախարարության երկրամասային վարչության տեղեկատվության համաձայն, միջադեպի հետեւանքով տուժել է տասը մարդ՝ ինն անչափահաս եւ մեկ ուսուցիչ: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, կոնֆլիկտի մասնակիցներից մեկը սովորում է թիվ 127 դպրոցում, իսկ երկրորդը՝ այդ կրթօջախի նախկին սաներից է: Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ կասկածյալներից մեկն ավելի վաղ հաշվառման մեջ եղել հոգեբուժանյարդաբանական դիսպանսերում:
Երկրամասի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ միջադեպից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել 12 մարդ: Տուժածներից երկուսը՝ ուսուցչուհին եւ 16-ամյա մի դեռահաս, վիրավորվել են պարանոցից եւ ծանր վիճակում են: Մնացած տուժածները, առողջապահության նախարարության տվյալներով, աննշան վնասվածքներ են ստացել:
Երկրամասի տարածքային անվտանգության նախարարության տվյալներով՝ ընդամենը միջադեպի պահին դպրոցում եղել է 743 մարդ՝ 698 երեխա եւ 45 չափահաս: Ներկայում նրանք բոլորն էլ տարհանված են: