Արցախում արդեն ուժի մեջ է մտել 1000 դրամի պարտադիր հանգանակության մասին օրենքը. Գրիգորի Մարտիրոսյան
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ուժի մեջ է մտել «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված 1000 դրամի պարտադիր հանգանակությունը:
Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Օրենքը վերաբերվելու է բոլոր աշխատողներին՝ անկախ նրանից նրանք աշխատում են պետական, թե մասնավոր հատվածում: Օրենքով նախատեսվում է մի բացառություն, որ եթե անձը ստանում է նվազագույն աշխատավարձ, ապա այդ գումարը պետք է իր փոխարեն գործատուն վճարի: Մնացած բոլոր դեպքերում այդ գումարները կպահվեն վարձու աշխատողներից ամսեկան 1000 դրամ իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում տարեկան 12 հազար դրամ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը և ավելացրել, որ իրենց գնահատականներով հիմնադրամին Արցախից տարեկան կուղղվի մոտ 700-800 միլիոն գումար: