Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ը Թրամփին դատապարտել են միգրանտների մասին հայտարարության համար
Աֆրիկյան միությունում անհանգստություն են հայտնել Հաիթիից եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին AP գործակալությանը հայտնել է միության ներկայացուցիչ Էբբա Կալոնդոն։
«Հաշվի առնելով պատմական այն իրողությունները, թե որքան աֆրիկացիներ են ԱՄՆ տեղափոխվել որպես ստրուկներ, այդ հայտարարությունը խախտում է ընդունելի գործելակերպի շրջանակները»,-ասել է նա: Աֆրիկյան միությունում գտնում են, որ «նմանօրինակ հայտարարությունները ոտնահարում են ընդհանուր համաշխարհային արժեքները», հավելել է Կալոնդոն:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահի հասցեին քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը: «Դրանք տհաճության զգացում առաջացնող եւ ամոթալի մեկնաբանություններ են… Ես չեմ կարող չօգտագործել «ռասիստական» բառը»,-ասել է նա Ժնեւում լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում: Իր հերթին ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Պոլ Ալտիդորը հայտարարել է Հաիթիի կառավարությունը «խստիվ դատապարտում է» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ եւ պաշտոնական բացատրություն է պահանջում ամերիկյան կողմից:
Հաիթիի կառավարությունում վստահ են, որ Թրամփի արտահայտությունները «հիմնված են կարծրատիպերի վրա», նշել է նա: «Կամ (ԱՄՆ-ի) նախագահին ապատեղեկատվություն են տրամադրել, կամ նա անբարեկիրթ է»,-հավելել է դեսպանը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»:
Մի խումբ սենատորներ եղել են Սպիտակ տանը, որպեսզի նախագահին առաջարկեն փոխզիջումային համաձայնություն, որը վերաբերում է Հաիթիից, Սալվադորից եւ Աֆրիկայի երկրներից եկած միգրանտներին: «Մեր ինչին են պետք այդ բոլոր մարդիկ, որոնք ժամանում են կեղտոտ ծայրագավառներից»,- արձագանքել է Թրամփը օրենսդիրների առաջարկությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: