Նոր հարկատեսակ է սահմանվել. ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» սահմանվել է նոր հարկատեսակ՝ ճանապարհային հարկ՝ բեռնատարների համար: Այդ հարկի գանձման գործընթացը լիակատար անակնկալ է եղել բեռնափոխադրողների համար:
Արդեն մի քանի օր է՝ անցակետերում կուտակվել են բազմաթիվ բեռնատարներ, որոնք իրենց բեռները փոխադրելու ծախսերի մեջ այդ նոր հարկատեսակը չեն ներառել: Իսկ գանձվելիք վճարները բավականին բարձր են: Մասնավորապես՝ Հայաստանում չհաշվառված մինչև 10 տոննա տարողությամբ բեռնատարները կես ամսվա համար պետք է վճարեն 25-65 հազար դրամ, 10-ից մինչև 60 տոննան՝ 80-205 հազար դրամ…:
Հայաստանում հաշվառված բեռնատարների համար հարկատեսակի դրույքաչափն ավելի մեղմ է և վճարվում է մեկ տարվա համար: Այն մեքենաները, որոնք հաշվառված են ՀՀ-ում, պետք է ամեն տարի ճանապարհային հարկ վճարեն ստորև ներկայացված չափով, մինչև 20 տոննա առավելագույն ծավալով մեքենաների համար՝ անվճար, 20-ից մինչև 25 տոննա՝ 120 հազար դրամ, 25-ից մինչև 30 տոննա՝ 240 հազար դրամ, 30-ից 35 տոննա՝ 360 հազար դրամ, 35 տոննայից ավելի դեպքում՝ 480 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: