«Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը»
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով քաղաքական դաշտի հետագա զարգացումների մասին:
«Կարծում եմ՝ փոփոխություններն այդքան էլ նպատակահարմար չեն: 2018 թվականի ապրիլից հետո պետք է լինեն Սերժ Սարգսյանը իր քաղաքական, Կարեն Կարապետյանը իր տնտեսական հմտություններով, ինչպես նաեւ Վիգեն Սարգսյանը»,-ասաց նա:
Խոսելով տնտեսական ոլորտում գրանցած արդյունքներից՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ոլորտում բավականին առաջընթաց, միեւնույն ժամանակ նկատեց, որ չնայած արտահանման ծավալի աճին՝ ընդհանուր ապրանքների շարքում գրեթե բացակայում է գիտատար ուղղությունը:
«Սա հետեւանք է նրա, որ Հայաստանը գիտատեխնոլոգիական զարգացման հարցում էապես զիջում է հարեւաններին: Եվ սա այն պարագայում, երբ մեր հանրությունը մեծապես հետաքրքրված է հետազոտական աշխատանքով»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը՝ այնուամենայնիվ, կարեւորելով օրինակ՝ արեւային էներգիայի կայանների ստեղծումը, «Big Data» կենտրոնի հիմնումը եւ այլն:
Անդրադառնալով Հայաստանի դիրքերին միջազգային հարթակում՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ դրանք որոշակիորեն բարելավվել են, ինչում կարեւոր դեր ունեցավ նախորդ տարի նոյեմբերի 24-ին ԵՄ հետ կնքած համաձայնագիրը:
Գիտակրթական հիմնադրամի ղեկավարը նաեւ անդրադարձ կատարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ դեռեւս չի կանխատեսում առաջընթաց, սակայն նաեւ չի տեսնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականություն: