Բաժիններ՝

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.7%։ Հիշեցնենք, որ հունիսին ՀԲ-ն կանխատեսում էր 2.7% աճ։ Վերանայումը (1 տոկոսային կետով աճման ուղղությամբ)  պայմանավորված է մետաղների գների աճով և ներքին քաղաքականությունների բարելավմամբ։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի կողմից թողարկված «Համաշխարհային տնտեսության հեռանկարները», հունվար 2018, զեկույցում։

Ուշագրավն այն է, որ 2017 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության աճը արդե՛ն իսկ 7%-ից բարձր է, և ենթադրվում է, որ տնտեսական աճի տարեկան ցուցանիշն էլ կլինի 6-7%-ի սահմաններում։

Ինչ վերաբերում է 2018 և հաջորդ տարիներին, Համաշխարհային բանկը բարելավել է տնտեսական աճի կանխատեսումը, սակայն զիջում է ՀՀ կառավարության կանխատեսումներին։

Այսպես, ՀՀ կառավարությունը 2018 թվականի համար կանխատեսում է 4.5% տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկը՝ 3.8% (հունիսին կանխատեսումը 3.1% էր)։

2019 և 2020 թվականներին, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը կաճի տարեկան 4%-ով։

Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 2017 թվականը կփակի 1.7% աճով, նույնքան կլինի աճը նաև 2018 թվականին։ Վրաստանում 2017 թվականի տնտեսական աճը գնահատվում է 4.3%, 2018 թվականին կանխատեսվում է 4.2%: Ադրբեջանում 2017 թվականը կփակի 1.7% անկումով, 2018 թվականին կունենա 0.9% աճ։

Թուրքիայի տնտեսական աճի տեմպը կթուլանա՝ 2017թ. 6.7%-ից նվազելով 3.5%-ի 2018 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս