Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի վաղ առավոտյան Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես մահացել է։ Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:
Հավատացեք՝ գործ ունենք ամենեւին էլ ոչ շարքային հանցագործության հետ, ու ոչ միայն այն պատճառով, որ վթարի զոհերը ոստիկանության երկու ծառայողներ են:
Հանցագործություն կատարողը Հայաստանի կրիմինալ ընտանիքներից մեկի սանձարձակ որդիներից մեկն է, ով իսկական պատուհաս է դարձել երեւանցիների համար, մանավանդ նրանց, ովքեր գիշերվա ժամին գործի բերումով կարող են դրսում լինել եւ ակամայից դառնալ մեքենայով մեծ արագությամբ սուրացող «ամենակարող» Սաքուլիկի լկտիության պոտենցիալ զոհերը:
Սաքուլիկը պատահական կերպար չէ. նա իշխանության եւ կրիմինալի սերտաճման յուրօրինակ ծնունդ է: Սրանց ընտանիքի համար սովորական բան է մարդ սպանելն ու անպատիժ մնալը, էլ չենք խոսում մանր հանցագործությունների մասին: Քանի անգամներ ոստիկանությունն այս անզգամին բռնել ու տվել է Քննչական կոմիտեի ձեռքը, սակայն Սաքուլիկը «պլստացել» է, որովհետեւ հանցագործ կյանքով ապրող այս ընտանիքը գտնվել է Աղվան Հովսեփյանի հովանավորության տակ:
Վարդանյանների կապերը «վերեւներում» այսքանով չեն սահմանափակվում. փակագծեր առայժմ չբացենք ու միայն արձանագրենք, որ Մոսկվայից Երեւան Կարեն Կարապետյանի տեղափոխելուց հետո Սաքուլիկն ավելի սանձարձակ է դարձել:
Հիմա նույնպես Սաքուլիկի համար ալիբիներ են ստեղծվում. համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի միջոցով ուզում են ապացուցել, որ ոստիկանական մեքենան եղել է «կարմիրի» տակ:
Նույնիսկ այդ տեսանյութում պարզ երեւում է, որ, այո, ազդանշանը միացրած, «կարմիրի» տակ ոստիկանները շատ դանդաղ վարել են մեքենան, ինչը միանգամայն օրինական է: Դժբախտ պատահարի պատճառն այն է, որ Սաքուլիկը մեքենան վարել է անասնական արագությամբ:
Ի դեպ, սա հոռի բարքերի հետեւանք է, որովհետեւ նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Ուշագրավ է, որ Վարդանյան եղբայրները եւ նրանց հայրը՝ «Ճվճվ Արոն», վաղուց զրկված են եղել վարորդական իրավունքից:
Հերթական սանձարձակությունը՝ երկու զոհով: Այս դեպքում զոհերը ծառայություն կատարող ոստիկաններ են, եւ Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը, նրան քրեական պատասխանատվության ենթարկելը, եթե նույնիսկ Վարդանյաններին օգնության շտապեն Աղվան Գառնիկիչը կամ այլ ազդեցիկներ:
Հենց սրա համար ենք ասում, որ սա շարքային հանցագործություն չէ, որովհետեւ եթե այս անգամ եւս Սաքուլիկն անպատիժ մնա, ուրեմն պետություն չունենք, եւ հաջորդ անգամ նա կարող է փողոցում հրապարակավ գնդակահարել քաղաքացիների կամ ոստիկանների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: