Հայտարարվել են տարվա ամենաթերագնահատված ֆիլմերը
Variety պորտալը կազմել է 2017 թվականին էկրան բարձրացած 13 առավել թերագնահատված կինոժապավենների ցուցակը: Վարկանիշը կազմելիս գնահատվել են, մասնավորապես, ֆիլմերի դրամարկղային մուտքերը։
Առաջատարը դարձել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղջերուի սպանությունը» կինոնկարը՝ Նիկոլ Քիդմանի եւ Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Այն պատմում է մի վիրաբույժի մասին, որը հարկադրված է զոհաբերություն կատարել իր հիվանդ որդուն օգնելու համար: Նշվում է, որ ֆիլմին դրականորեն են արձագանքել Կաննի փառատոնի քննադատները, սակայն վարձույթում այն շատ փող չի բերել:
Երկրորդ տեղում Ջեյմս Գրեյի «Կորսված Z քաղաքը» ժապավենն է բրիտանացի հետազոտողի մասին, որը հին բնակավայր էր փնտրում Ամազոնիայում: Երրորդ հորիզոնականում հայտնվել է «Սեռերի ճակատամարտը» դրամատիկական կատակերգությունը, որը պատմում է Ուիմբլդոնի չեմպիոն Բոբի Ռիգսի եւ թենիսիստուհի Բիլի Ջին Քինգի միջեւ թենիսի 1973 թվականի լեգենդար մրցախաղի մասին:
Ցուցակում նաեւ տեղ են գտել «Ավելի ուժեղ», «Մադբաունդ» ֆերման», «Փաթի Քեյքս», «Լողափի առնետները», «Մեկ րոպեում 120 հարված», «Ուրվականի պատմությունը», «Անձնական գնորդ», «Լավ ժամանակ» եւ «Նրանց աստղային ժամը» կինոնկարները: Վարկանիշը եզրափակում է «Սահմանագծին» գերմանական դրաման մի կնոջ մասին, որը որդուն եւ ամուսնուն կորցրել է ահաբեկչական գրոհի հետեւանքով եւ որոշել է վրեժ լուծել արմատական մեթոդներով: