Ինչպե՞ս փրկել կորալները. Մայամիի համալսարանում գտել են միջոցը
Մայամիի ափամերձ շրջանում ջրասուզակներն օվկիանոսի հատակում կորալներ են տնկում: Այս կորալներն աճեցվել են Մայամիի համալսարանում: Գիտնականների խոսքով, մանր կտորների կիսված կորալներն ավելի արագ են աճում:
«Մենք վերցնում ենք կորալների խոշոր կտոր, մանրեցնում այն փոքրիկ մասերի, աճեցնում դրանք եւ օվկիանոս վերադարձնում», – պատմում է Մայամիի համալսարանի գիտնական Դալթոն Հեսլին։
Սակայն, կլիմայի փոփոխության հետ միասին բարձրանում է նաեւ օվկիանոսների միջին ջերմաստիճանը եւ կորալները մեռնում են: Մայամիի համալսարանում փորձում են գտնել դրանց փրկելու միջոցը.
«Մենք իրականում տնկում ենք կորալներ, որոնք ավելի դիմացկուն են բարձր ջերմաստիճանին», – նշում է Մայամիի համալսարանի գիտնական Էնդրյու Բեյքերը:
Կորալները սնունդ եւ գույն են ստանում իրենց մեջ թաքնված մանրէներից, սակայն, ջրի ջերմացման պայմաններում դրանք հեռանում են՝ մատնելով կորալին մահվան: Սակայն, կա մի միջոց, նշում է Էնդրյու Բեյքերը.
«Իրականում որոշ կորալներ կարող են ավանդական մանրէների փոխարեն նոր, միջավայրին ավելի պատրաստված մանրէներ ձեռք բերել»:
Մայամիի համալսարանի գիտնականները, կորալները բարդ միջավայրում տեղադրելով, ընտրում են առավել դիմացկունները.
«Մի քանի ամսվա անկումից հետո այս մեկն իրականում վերականգնվել է, նոր ճյուղեր աճեցրել»:
Մայամիի համալսարանում հավատացած են, որ նոր հետազոտությունները անկում ապրող կորալային ռիֆերին վերակենդանացման հնարավորություն են տալիս: Սակայն, սա գիտությանմիայն առաջին քայլն է, ասում է Դալթոն Հեսլին.
«Մենք ինքնուրույն չենք կարող վերակենդանացնել բոլոր կորալները ամբողջ աշխարհում: Այդ պատճառով, մեր երկրորդ քայլը կրթության բնագավառում է»:
Մայամիի համալսարանում պատրաստ են կամավորներ ընդունել, որը թույլ կտա կրկնապատկել բնապահպանական ջանքերը: