Բաժիններ՝

Երևան է ժամանել աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Երևանում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի եզրափակիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էր արդեն Հայաստան ժամանած հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը և փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Ուրախ եմ, որ Երևանում եմ, շնորհակալ եմ, որ եկել եք, հույս ունեմ ձեզ տեսնել իմ համերգին»

Խոսելով վաղը՝ դեկտեմբերի 27-ին նախատեսվելիք համերգի մասին, դաշնակահարն առանձնացնում է Բեթհովենի 29-րդ Սոնատը. «Սա բարդագույն գործ է, միաժամանակ՝ դաշնամուրային գրականության լավագույն նմուշներից մեկը: Այդ ստեղծագործությունը կատարող ցանկացած դաշնակահարի համար սա արդարացիորեն համարվում է մասնագիտական ձեռքբերման մի նոր աստիճան: Իհարկե, նշանակություն ունի նաև, թե ո՞ր երկիր եմ ես հրավիրվում, որովհետև ամեն երկիր ունի իր դեմքը՝ տարբեր և բազմազան են ժողովուրդները, նրանց երաժշտական նախասիրությունները: Պետք է նկատեմ, որ հայաստանյան հանդիսատեսը մշտապես բացառիկ ջերմությամբ է ընդունում իմ ներկայությունը»:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երաժիշտը խոստովանեց. «Սկսել եմ ստեղծագործել, մի բան, որ անում էի պատանեկան տարիներին: Այդ ստեղծագործությունների մասին երաժշտական աշխարհում շատ հեղինակավոր անուններ դրական կարծիք են հայտնել: Դրանք կատարվել են այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների կողմից, ինչպիսիք են՝ Սթիվեն Իսերլիսը ու Դեյվիդ Գերինգասը: Ափսոսում եմ միայն, որ ժամանակակից կոմպոզիտորները դաշնամուրի համար գրված գործեր այսօր գրեթե չեն ստեղծում»:
Անդրադառնալով հայ և հայազգի կոմպոզիտորներին՝ դաշնակահարն առանձնացրեց Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի անունները. «Կոմիտասի «Կռունկն» իմ ամենասիրելի գործերից մեկն է: Առհասարակ պետք է նշեմ, որ ինձ հետաքրքրում է հայկական հնագույն մշակութային ժառանգությունը: Ես լսում եմ ձեր լեզուն, որը չեմ հասկանում, սակայն նմանեցնում եմ այն ձեր վսեմ ու խստաշունչ ճարտարապետությանը»:

Տեղեկացնենք, որ աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մասնակցությամբ մենահամերգը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 19-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս